Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «ռասիստ և իսլամաֆոբ»՝ ի պատասխան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նրա ելույթի։

Իր ելույթի ժամանակ Թրամփը քննադատել է Խանին՝ անվանելով նրան «սարսափելի քաղաքապետ» և հավելելով, որ «նրա ներգաղթային քաղաքականությունը և ինքնասպանական էներգետիկ գաղափարները կդառնան Արևմտյան Եվրոպայի մահը»:  

Sky-ին տված մեկնաբանության մեջ Խանը նշել է.

«Որպես լիբերալ, բազմամշակութային, առաջադեմ, հաջողակ քաղաք ղեկավարող մուսուլման քաղաքապետ, ես, կարծես, չեմ կարողանում Դոնալդ Թրամփին հանել գլխիցս... Թրամփը ցույց է տվել, որ ռասիստ, սեքսիստ, կանանց նկատմամբ ատելություն դրսևորող և իսլամաֆոբ է»։

Քաղաքական գործիչների միջև լարվածությունը շարունակվում է 2016 թվականից, երբ Թրամփը Խանին IQ թեստի  մարտահրավեր է նետել այն բանից հետո, երբ Խանը նրա մուսուլմանների վերաբերյալ հայացքները անվանեց «անգրագետ»։ 2019 թվականին՝ Լոնդոն կատարած այցի նախօրեին, Թրամփը սոցիալական ցանցերում Խանին անվանեց «շատ հիմար» և «խելագար պարտվող»։

Սադիկ Խանը Լոնդոնի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 2016 թվականից՝ դառնալով առաջին քաղաքական գործիչը, որը վերընտրվել է այդ պաշտոնում երեք անգամ։