«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել լրատվամիջոցներում տեղ գտած մի շարք հրապարակումների վերաբերյալ` կապված Երեւանի Հրաչյա Քոչարի փողոց թիվ 2 հասցեում գտնվող անշարժ գույքի («Հայաստան հանրախանութ) հետ:
Ամերիաբանկը հավաստում եւ հաստատում է, որ նշված անշարժ գույքն օրենքով սահմանված կարգով անցել է Բանկի սեփականությանը` Բանկի նկատմամբ ստանձնած վարկային պարտավորությունների չկատարման հիմքով: Կից ներկայացվում է սեփականության իրավունքի համապատասխան էջի լուսապատճենը, որը հավաստում է, որ Բանկը հանդիսանում է նշված գույքի սեփականատերը 2011 թվականի դեկտեմբերի 16-ից: Ամերիաբանկի կողմից տրամադրվել է ծանուցում նշված տարածքի վարձակալ հանդիսացող ««Հայաստան» առեւտրի կենտրոն Հայրապետյան եղբայրներ» ՓԲԸ-ին` տարածքը մեկամսյա ժամկետում ազատելու վերաբերյալ, սակայն նշված պահանջը չի կատարվել: Ներկայումս Բանկն իրականացնում է աշխատանքներ` նշված տարածքն ապօրինի տիրապետումից ազատելու ուղղությամբ: Այդ աշխատանքները որեւէ կերպ չեն անդրադառնա նշված տարածքում մանրածախ առեւտուր իրականացնող անձանց վրա, որոնց առաջարկվել է օրենքով սահմանված կարգով վերակնքել համապատասխան պայմանագրեր:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր` հունվարի 25-ին, ժամը 15:10-ի սահմաններում «Հայրապետյան եղբայրներ Հ.Ա.» ՓԲԸ-ին պատկանող «Հայաստան» հանրախանութում գտնվում են ոստիկաններ, «Ամերիաբանկի» ներկայացուցիչներ, ովքեր վիճում են այդտեղի առեւտրականների հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է փաստաբան Արա Զոհրաբյանը: Նրա փոխանցմամբ` հակառակ վարձակալի ցանկության` բանկի ներկայացուցիչները փորձում են առեւտրականներին ստիպել ազատել տարածքը:Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ մետրոյի «Բարեկամություն» կայարանի հարակից տարածքում գտնվող «Հայաստան» հանրախանութը գրավի դիմաց կհանձնվի «Ամերիաբանկին»: «Մի քանի օր առաջ բանկի աշխատակիցները գնացել են «Հայաստան» եւ ծանուցագրեր բաժանել հանրախանութի աշխատակիցներին, որի համաձայն՝ նրանք պարտավոր են կա’մ մինչեւ հունվարի 24-ը լքել տարածքը, կա’մ բանկի հետ նոր պայմանագիր կնքել՝ հետագա գործունեությունը շարունակելու համար: Սակայն հանրախանութի գործադիր տնօրեն Հայկազ Հարությունյանը հերքեցլ էր վերը նշված տեղեկությունը՝ ասելով, թե «Հայաստան»-ն իրենցն է, եւ որեւէ մեկն իրավունք չունի իրենց սեփականության նկատմամբ ոտնձգություն իրականացնել:





























