Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը 30 օր ժամանակ է խնդրել NEWS.am լրատվական գործակալությունից Արարատի տարբերանշանը հեռացնելու՝ թուրքական կողմի հնարավոր պահանջի վերաբերյալ հարցին պատասխանելու համար:
Նշենք, որ դեռևս սեպտեմբերի 16-ին NEWS.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ պարզելու արդյոք թուրքական կողմը դիմե՞լ է ՀՀ ԱԳՆ-ին՝ պահանջելով ՀՀ զինանշանի վրայից հեռացնել Արարատ լեռան պատկերը, ինչպես նաև հետաքրքրվել էինք՝ արդյոք թուրքական կողմը դիմե՞լ է ԱԳՆ-ին՝ պահանջելով ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրայից հեռացնել Արարատ լեռան պատկերը, եթե այո՝ ե՞րբ: Վերջին հարցադրումն առանձին ուղղել էինք նաև ՀՀ վարչապետի աշխատակազմին:
Հարցումն ուղարկելուց հինգ աշխատանքային օր անց՝ սեպտեմբերի 23-ին, ԱԳՆ-ից պաշտոնական գրություն ստացվեց այն մասին, որ հաշվի առնելով լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտությունը, հարցման պատասխանը կտրամադրվի 30-օրյա ժամկետում։
Իսկ ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրայից Արարատ լեռան պատկերը հեռացնելու վերաբերյալ կառավարությանը դեռևս սեպտեմբերի 16-ին ուղարկված մեր հարցը նախ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը վերահասցեագրել է Արտաքին գործերի նախարարար Արարատ Միրզոյանին, այնուհետև արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող տեղակալ Մնացական Սաֆարյանի կողմից ուղարկվել է պատասխանի նախագիծ, ըստ որի՝ մեր կողմից բարձրացված հարցին վարչապետն անդրադարձել է ս.թ. սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած իր ճեպազրույցի ընթացքում:
Նշենք, որ այդ օրը լրագրողների հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտնել էր. «Այդ դրոշմի հետ կապված խնդիրը շրջանառության մեջ է դրվել ամիսներ առաջ, երբ դեռ հորիզոնում տեսական հնարավորություն կամ պայմանավորվածություն էլ չկար Թուրքիայի հատուկ ներկայացուցչի այցի մասին: Ընդհանրապես Հայաստան-Թուրքիա որևէ բանակցության մեջ որևէ նման հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել»:
Հատկանշական է, որ ՀՀ զինանշանի վրայից Արարատ լեռան պատկերը հեռացնելու՝ թուրքական կողմի հնարավոր պահանջի վերաբերյալ հարցին էլ պատասխանելու նպատակով նախարարի տեղակալը դիմել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին՝ խնդրելով վերջինիս դիտարկումները լրագրողի հարցումներին պատասխանելու առնչությամբ, սակայն մինչ օրս գրությանը Հարությունյանը չի պատասխանել:
Այսպիսով՝ NEWS.am-ը պատրաստ է սպասել մինչև 30 օր՝ այս պարզ, սակայն հանրության համար կարևոր հարցի պատասխանը ԱԳՆ-ից կամ Կառավարությունից ստանալու համար:
Հիշեցնենք, որ դեռևս 2019 թվականի հոկտեմբերին ԱԺ–ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ այն ժամանակ ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` իր գլխավորությամբ՝ ՀՀ զինանշանի վրա առկա սխալները շտկելու, փոփոխելու նպատակով:
2020-ին Արցախի դեմ ադրբեջանաթուրքական լայնածավալ պատերազմին և դրան հաջորդած տարիներին Հայաստանի կառավարությունը ժամանակավորապես դադարեցրեց օրակարգում պահել այս թեման, սակայն 2023 թվականի Արցախի հայաթափումը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ «վերջնական» խաղաղություն հաստատելու ջանքերը պատճառ դարձան, որպեսզի Արարատի խորհրդանիշից հրաժարվելու հարցը հանրային հարթակից կրկին տեղափոխվի պետական մակարդակ: Մասնավորապես Կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 11-ի որոշմամբ՝ նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրայից հանվելու է Արարատ լեռան պատկերը։




























