Սեպտեմբերի 19-ին Բրյուսովի անվան պետական համալսարանի լրագրության 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները, ԲՊՀ հանրային հաղորդակցության և լրագրության ամբիոնի վարիչ, դասախոս Լիլիկ Ստեփանյանի, «Հանուն Մարդկության և Բնության Հայկական Ասոցիացիա»-ի տնօրեն Աննա Հովհաննիսյանի, ԲՊՀ դասախոս և բնապահպան Վահագն Սարգսյանի և զբոսավար Մարի Ասատրյանի ուղեկցությամբ այցելեցին Հրազդանի սանիտարական աղբավայր, ապա` «Անթառամ» արտադրական կոոպերատիվ։

Հրազդանում գործող սանիտարական աղբավայրի տարածքում «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարում» ընկերության տնօրեն Սերգեյ Համբարձումյանը ներկայացրեց իրենց նպատակները.

«Դեռ 10 տարի առաջ է սկսվել առաջին սանիտարական աղբավայր կառուցելու ծրագրի քննարկումը, բայց ոչ թե միայն աղբավայր, այլ նաև մարզային թափոնների կառավարման կենտրոն։Մեր հիմնական գործառույթներն են խառը թափոնների հավաքումը բնակավայրերից և տեղափոխումը աղբավայր։ Այս պահին սպասարկում ենք 4 համայնք` Հրազդան, Ծաղկաձոր, Սևան, Գավառ։ Առաջիկա օրերին կընդգրկվեն նաև Ճամբարակ, Չարենցավան, իսկ առաջիկա ամիսներին` բոլոր համայնքները։ Մեկ տարվա ընթացքում կկարողանանք 2 մարզը ամբողջությամբ ծածկել»։

New Picture.jpg (45 KB)

Սանիտարական աղբավայրն ունի 2 կայան` Ակունքում և Մարտունիում, որոնց ենթակառուցվածքները նույնպես պատրաստ են և առաջիկա ամիսներին կշահագործվեն։ Գրեթե 2 տարի է տևել 2 մարզերում սխեմայի կազմման աշխատանքը. համայնքներում մանրամասն ուսումնասիրվել է բնակչության կազմը, խտությունը, որի արդյունքում, ըստ սանիտարական նորմերի, հաշվարկվել է աղբը հավաքելու պարբերականությունը, ձեռք են բերվել տեխնիկական միջոցներ և աղբամաններ։ Ինչպես ասաց Սերգեյ Համբարձումյանը՝  աղբահանությունը իրականացնելու են 38 երթուղիներով։

Հանդիպման ընթացքում ISSD հասարակական կազմակերպության նախագահ Մխիթար Ավետիսյանը բացատրեց՝ ինչ է շրջանաձև տնտեսությունը. «Այստեղ կարևոր է, որ հասկանանք՝ թափոնին կարելի է նորից արժեք տալ, այդ կերպ տարիներ հետո չենք կանգնի շատ խնդիրների առջև՝ առողջական, բնապահպանական»:

Հանդիպման ավարտին մասնագետները սիրով պատասխանեցին ներկաներին հետաքրքրող հարցերին։ ԲՊՀ դասախոս Լ. Ստեփանյանի հարցին, թե ինչպես է ֆինանսավորվում ընկերությունը, Սերգեյ Համբարձումյանը պատասխանեց. «Մինչ այժմ ֆինանսավորվել ենք վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վարկային միջոցներից` մոտ 5.5 մլն եվրո, նաև ստացել ենք 5.5 մլն դրամաշնորհի միջոցով և 3.8 մլն եվրոյին համարժեք ՀՀ դրամ` պետական բյուջեից»։

New Picture (2)99.jpg (39 KB)

Լրագրության 4-րդ կուրսի ուսանող Էդիտա Քամալյանին հետաքրքում էր ճանապարհին տեսած աղբավայրի հետագա ճակատագիրը, իսկ նրա կուրսընկեր Մարի Դավթյանին՝  120 աշխատակից ունեցող ընկերությունը մասնագետներով համալրելու հարցը։

Հրազդանից ուսանողներն ու դասախոսները ուղևորվեցին Ծովազարդ գյուղ, որտեղ, «Անթառամ» արտադրական կոոպերատիվի  հանդիպումների սրահում, շարունակեցին իրենց բնապահպանական էքսկուրսիան «Մաքուր ապագա Սևանի համար» ծրագրի շրջանակում։

Առաջինը ծանոթությունն էր բնապահպանական ոլորտի լրագրող Մարիամ Տաշչյանի հետ, որը ներկայացրեց իր փորձը, պատմեց լրագրողի աշխատանքի դրական և բացասական կողմերի մասին։ Մարիամը նաև բացատրեց, թե ինչպես պետք է լուսաբանել բնապահպանական խնդիրները և ինչ առանցքային հարցերի պետք է ուշադրություն դարձնել։

Տարածաշրջանում բնապահպանական ոլորտի ամենաակտուալ թեմաներից մեկի՝ Սևանի հիմնախնդիրների մասին բանախոսեց Վահագն Սարգսյանը. «Հիմնախնդիրներից առաջինը Սևանի կանաչումն է․ տեղի է ունենում նստվածքային շերտի քայքայում, և ջրիմուռները սկսում են ավելի ինտենսիվ զարգանալ։ Մյուս խնդիրը ջրի մակարդակի բարձրացումն է․ բարձրացնելուց ծառատեսակները մնում են ջրի տակ և նպաստում ճահճացման պրոցեսին։ Սևան լցվում է 28 գետ, բայց ցավոք սրտի գետերը չունեն ֆիլտրացիոն կայաններ, և կոյուղին էլ է լցվում Սևանի մեջ։ Մեծ վնաս է հասցնում նաև Սոթքի հանքավայրը, որի վնասակար նյութերը լիճ են հասնում գետերով, ստորգետնյա ջրերով և քամու միջոցով։ Խնդիր է նաև կենսաբազմազանության անկումը, հատկապես իշխանի տեսակների վերացումը որսագողության պատճառով։ 4 տեսակի իշխանից 2-ը վերացած են, մյուս 2-ից էլ շատ քիչ է մնացել»։ Վերջում ուսանողները դիտեցին Սևանի մասին Վահագն Սարգսյանի հեղինակած կարճամետրաժ ֆիլմը:

New Picture (1)88.jpg (48 KB)

Հաջորդ բանախոսը դեղաբույսեր և բուսական դեղեր արտադրող՝  ավելի քան 36 տարվա պատմություն ունեցող «Անթառամ» արտադրական կոոպերատիվի տնօրենն էր: «2017 թվականից մեր արտադրությունը սերտիֆիկացված է որպես օրգանական։ Սերտիֆիկացումը մի քանի սկզբունքներ է ներառում, որոնցից մեկը բնապահպանական սկզբունքն է»,-ասաց «Անթառամի» տնօրեն Արեգ Գալստյանը։ Նորարարական տեխնոլոգիաներով աշխատող «Անթառամի» արտադրանքը՝ երիցուկի թեյը, «նիհարիկը», լյարդի համար նախատեսված և այլ թեյեր սպառվում են Հայաստանում, նաև արտահանվում ԱՄՆ և Եվրամիության երկրներ։

«Անթառամ»-ում ուսանողները բաժանվեցին 3 խմբի և թափոնների վերամշակման միջանկյալ մի էտապից ստացված նյութերով սոսնձի օգնությամբ 3 նկար ստեղծեցին, որոնք, կազմակերպիչների խոսքով, կցուցադրվեն բնապահպանական տարբեր միջոցառումների ժամանակ կազմակերպվող ցուցահանդեսներում։ 

New Picture111.jpg (67 KB)

Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ կազմակերպվածճանաչողական այցի մասնակիցները եղանակային վատ պայմանների պատճառով չկարողացան բաց դաս անել Սևանի ափերից մեկում և իրենց լուման ներդնել այն մաքրելու գործում, բայց խոստացան անպայման վերադառնալ։

Հագեցած օրվա վերջին կանգառը Սևանի ափին բազմած Հայրավանքն էր. 9-րդ դարի գոհարըհերթական անգամ գերեց իր ճարտարապետությամբ և մեզ հասած ավանդությամբ:

Նելլի Վարդանյան

ԲՊՀ 3-րդ կուրսի ուսանող

Հանրային հաղորդակցության և լրագրության ամբիոն