ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Սպիտակ տանը բանակցություններ կվարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հաղորդում է Associated Press-ը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հստակեցրել էր, որ ԱՄՆ կառավարության կողմից Անկարային ժամանակակից կործանիչներ վաճառելու արգելքը շուտով կարող է վերացվել։
Թրամփի առաջին ժամկետի ընթացքում Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային հեռացրել էր իր F-35 կործանիչների ծրագրից, այն բանից հետո, երբ վերջինս Ռուսաստանից ՀՕՊ համակարգ էր ձեռք բերել։
Միացյալ Նահանգների պաշտոնյաները մտահոգված են, որ Թուրքիայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգի օգտագործումը կարող է կիրառվել F-35-ի հնարավորությունների վերաբերյալ տվյալներ հավաքելու համար և որ այդ տեղեկությունը կարող է հայտնվել Ռուսաստանի ձեռքում։
Սակայն Թրամփն անցած շաբաթ Էրդողանի այցի պլանների մասին հայտարարելով՝ Թուրքիային հույս է տվել, որ այս հարցի լուծումը մոտ է։
«Մենք նախագահի հետ աշխատում ենք բազմաթիվ առևտրային և պաշտպանական համաձայնագրերի վրա, այդ թվում՝ Boeing ինքնաթիռների խոշոր գնումների, F-16-ի խոշոր գործարքների և F-35-ի վերաբերյալ շարունակական բանակցությունների վերաբերյալ, որոնք ըստ մեր ակնկալիքների կարող են դրական ավարտ ունենալ», - գրել է Թրամփը սոցիալական ցանցերում։
Այս այցը Էրդողանի առաջին այցն է լինելու Սպիտակ տուն՝ 2019 թվականից ի վեր։ Սպիտակ տուն կատարած իր առաջին այցի ժամանակ Թրամփը երկու առաջնորդների հարաբերությունները բնութագրել էր որպես «շատ լավ», չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունները հաճախ բարդ են եղել։
ԱՄՆ պաշտոնյաները մտահոգություն են հայտնել Էրդողանի օրոք Թուրքիայում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի և Ռուսաստանի հետ երկրի կապերի վերաբերյալ։ Թուրքիայի և ԱՄՆ-ի մեկ այլ կարևոր դաշնակցի՝ Իսրայելի միջև լարվածությունը, որը պայմանավորված է Գազայի և Սիրիայի իրադարձություններով, երբեմն բարդացրել է Թուրքիայի հետ հարաբերությունները։
Էրդողանը հստակ հասկացրել է, որ անհամբեր սպասում է F-35-ի թռիչքների արգելքի վերացմանը։





























