Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը հայտարարել է իր պատրաստակամության մասին համագործակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Սաուդյան Արաբիայի, Ֆրանսիայի և ՄԱԿ-ի հետ՝ սեպտեմբերի 22-ի համաժողովում ընդունված Գազայի խաղաղության ծրագիրը կյանքի կոչելու համար, որը, նրա խոսքով, կարող է հիմք հանդիսանալ արդար խաղաղության և ավելի լայն տարածաշրջանային համագործակցության համար, հաղորդում է «Ալ Արաբիա»-ն։
Աբբասը այս հայտարարությունն արել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթում։
Նա նշել է, որ Համասը որևէ դեր չի խաղալու պաղեստինցիների կառավարման գործում։ Նա նաև դատապարտել է զինված խմբավորման հարձակումը Իսրայելի վրա հոկտեմբերի 7-ին։
«Համասը որևէ դեր չի խաղալու պետության կառավարման գործում։ Համասը և այլ խմբավորումներ ստիպված կլինեն իրենց զենքերը հանձնել Պաղեստինի ազգային վարչակազմին», - ասել է Աբբասը։
Նա հավելել է, որ հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակումը չի ներկայացնում իր ժողովրդին, և որ ինքը դատապարտում է հակասեմիտիզմը։
«Մեր ժողովրդի բոլոր տառապանքներին չնայած, մենք մերժում ենք Համասի կողմից հոկտեմբերի 7-ին արվածը՝ թիրախավորելով իսրայելցի խաղաղ բնակիչներին և պատանդ վերցնելով նրանց, քանի որ այդ գործողությունները չեն ներկայացնում պաղեստինցի ժողովրդին և չեն արտացոլում նրանց արդար պայքարը ազատության և անկախության համար», - ասել է Աբբասը տեսաուղերձում։




























