«Սահմանադրական իրավունք» միության նախագահ Հայկ Բաբուխանյանը, Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը եւ «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքեցին ՀՀԿ համամասնական ցուցակում արդեն իրենց տեղերն ունենալու մասին տեղեկությունները: «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ-ի խորհրդի անդամներն այսօր էլ հայտարարել են, որ այդ հարցը դեռ չի քննարկվել: «Ուստի ես չեմ կարող մեկնաբանել այդ լուրը հրապարակած թերթի սկզբնաղբյուրների հավանական լինելու հարցը»,- ասաց Արտաշես Գեղամյանը:
Հարցին, թե դուք բացառո՞ւմ եք ձեր` ՀՀԿ համամասնական ցուցակով հայտնվելու հավանականությունը, նա պատասխանեց. «Մեր փոթորկահույզ պայմաններում ոչ մի բան բացառել չի կարելի»:
ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ-ի հետ այս պահին որեւէ պաշտոնական եւ ոչ պաշտոնական բանակցություններ ընտրությունների վերաբերյալ չեն վարում: «ՀՀԿ-ի հետ մենք ունենք գաղափարական ընդհանրություն` որպես ազգային, պահպանողական ուժեր, դեռ 1989թ մենք համատեղ աշխատել ենք, համագործակցություն ենք ունեցել, մասնակցել ենք ընտրություններին, 1992թ ես ղեկավարել եմ ՀՀԿ-ի պաշտոնաթերթը: Այդ կուսակցության հետ համագործակցությունը համարում եմ շատ բնական եւ չեմ բացառում ՀՀԿ-ի հետ ավելի սերտ համագործակլցությունը ընտրությունների հետ կապված,սակայն առայժմ նման բան չկա»,- ասաց Հայկ Բաբուխանյանը:
Ի տարբերություն Արտաշես Գեղամյանի եւ Հայկ Բաբուխանյանի` այս հարցը լսելով վրդովվեց եւ իրեն ոչ ադեկվատ դրսեւորեց ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը: Նա նշեց, որ չի կարող որեւէ մեկնաբանություն տալ, իսկ երբ հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ որեւէ մեկնաբանություն չի կարող տալ, չէ՞ որ անմիջապես իր հետ է կապված, նա զայրացավ ու պարզապես անջատեց հեռախոսը:
Նշենք, որ «Երկիր» թերթը գրել էր, որ ՀՀԿ համամասնական ցուցակում իրենց տեղերն արդեն ունեն ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը, եւ ԱՄԿ նախագահ Արտաշես Գեղամյանը: «Ըստ մեր աղբյուրների՝ դժվար է Վազգեն Մանուկյանի հարցը: Շշուկներ կան, որ ՀՀԿ ղեկավարությունը փոշմանել է նրան խորհրդարան բերելու մտադրությունից: Փակված է ՀՀԿ-ի համամասնական ցուցակում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին ընդգրկելու հարցը»,-գրել է «Երկիր»-ը:




























