Գյումրիում, այսօր` հունվարի 25-ի գիշերը, հրդեհի դեպք է գրանցվել: Հրկիզվել է Գրիգորյաններին պատկանող 207 տնակային տարածքի 206 տնակը: Այն գտնվում է Սարգսյան փողոցում, դեպի «Չերքեզի ձոր» տանող ճանապարհին: Հրդեհի մասին ահազանգ Շիրակի մարզային փրկարարական վարչությունն ստացել է թաղամասի բնակիչներից:
Հրդեհաշիջման աշխատանքների համար դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, սակայն կրակը շատ արագ է տարածվել եւ նոր բռնկումներ են սկսվել: Եւս մեկ մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր, երկար ժամանակ աշխատել են հրշեջ բրիգադի աշխատողները, որից հետո նրանց հաջողվել է մարել կրակը: Հարեւանները պատահաբար են նկատել, որ Գրիգորյանների տնակն այրվում է, ահազանգել են փրկարար ծառայություն, նաեւ փորձել են հանգցնել բռնկված կրակը, մինչեւ դեպքի վայր է հասել հրշեջ փրկարարական ջոկատը:
Կրակն այնքան արագ է տարածվել, որ հրշեջները մտավախություն են ունեցել, որ բռնկումներ կլինեն նաեւ հարեւան բնակարաններում, ուստի հրդեհաշիջման աշխատանքների համար երկրորդ մարտական հաշվարկն է դեպքի վայր կանչվել: Տնակատերը դեպքի մասին տեղեկացել է ավելի ուշ, երբ հրրդեհաշիջման աշխատանքներն արդեն ավարտված են եղել:
Տնակատերը՝ Տիգրան Գրիգորյանը նշել է, որ տնակը երեք ամիս է` հոսանքազրկված է, իրենք ապրում են Անի թաղամասում, իսկ տնակն օգտագործում են միայն ամռան ամիսներին, ուստի տնակի ինքնահրկիզման վարկածն անհավանական են համարում: Ընտանիքի կրած վնասները նյութական են: Գրիգորյանների տնակի փայտե մասն է ամբողջությամբ այրվել` 50 քմ, բացի այդ տնակում առկա ողջ գույքն է այրվել՝ մահճակալներ, բազմոցներ եւ այլ պիտանի իրեր: Շիրակի մարզային հրդեհային տեսչության աշխատակիցների ուսումնասիրությունների արդյունքում պարզ կդառնա, թե գումարային առումով ընտանիքն ինչ չափի վնաս է կրել:
Շիրակի մարզային հրդեհային տեսչությունը պարզելու է նաեւ, թե որոնք են եղել տնակում հրդեհի առաջացման պատճառները: Տնակատիրոջ ու հարեւանների համար զարմանալի է այն, որ հրդեհային տեսչության աշխատակիցներն իրենց արձանագրությունում չեն ներառել այն փաստը, որ տնակի ապակիները կոտրված են եղել: Իսկ նյութական վնասի փոխհատուցման հույս ընտանիքը չունի, քանի որ այս հասցեում գրանցված չեն:





























