Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում, հաղորդում է Shamshyan.com–ը։
Մասիս քաղաքում գտնվող «Էդեմ» բժշկական կենտրոնի ծննդատան դիմաց են հավաքվել Դաշտավան գյուղի բնակիչները, ովքեր պահանջում են, որպեսզի քրեական պատասխանատվության ենթարկվի նշված բժշկական կենտրոնոմ աշխատող Մհեր Ենգիբարյանը, ում պատճառով նորածին երեխա է մահացել:
Կայքի հետ զրույցում մահացած երեխայի հարազատները, այդ թվում՝ տատիկը, ասում էին.
«Սեպտեմբերի 25-ին՝ նշված հիվանդանոցի բժիշկների կողմից նշանակված օրը, բերել ենք ծննդատուն, մի քանի ժամ մնացել ա բժիշկների հսկողության տակ, ովքեր մեզ անընդհատ ասում էին, թե ոչ մի խնդիր չկա, մայրը առողջ է, պտուղը առողջ է ու նույնիսկ մի քանի անգամ աչքալուսանք էին տալիս, ասելով, թե ամեն ինչ լավ է, առողջ աղջիկ եք ունենալու: Դե մենք էլ ոգևորված ու ուրախացած սպասում էինք, որ երեխայի ծնվելուց հետո կմտնենք, կտեսնենք երեխային, բայց գիշերը մի տեսակ աժիոտաժ ստեղծվեց ծննդատանը ու մեր մտքով չէր անցնում, որ այն կապված է մեր հարսի ծննդաբերության հետ: Փորձում էինք անընդհատ ճշտել, սակայն չէին պատասխանում»:
Դրանից հետո տատիկը մտել է հիվանդանոց և երեխային հայտնաբերել մահացած: Փորձել է բժիշկներին, հանդիպել, սակայն ոչ ոք չի մոտեցել ու պատասխանել ծնողների հարցերին:
Դեպքի մասին տեղեկացվել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից հիվանդանոց է ժամանել հերթապահ խումբը։



























