ՀՀՇ վարչության եւ հանրապետական խորհրդի, այսօր` հունվարի 25-ին կայացած համատեղ նիստում քննարկվել են առաջիկա ներքաղաքական զարգացումները: ՀՀՇ վարչությունը, քննարկելով ստեղծված ներքաղաքական իրավիճակը, որոշել է հանձնարարել ՀՀՇ «Ընտրությունները համակարգող» հանձնաժողովին`կազմել Հայ Ազգային Կոնգրեսի կազմում ՀՀՇ կուսակցության մասնակցության ծրագիրը եւ առաջիկայում այն ներկայացնել քննարկման: Բացի այդ, անդրադարձ է եղել Հրազդան քաղաքում փետրվարի 12-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին: ՀՀՇ-ն որոշել է ոչ միայն սատարել քաղաքապետի թեկնածու, Հայ Ազգային Կոնգրեսի անդամ Սասուն Միքայելյանի թեկնածությունը, այլեւ ակտիվորեն ներգրավվել նրա նախընտրական շտաբի աշխատանքներին:
Քանի որ ՀՀՇ Հրազդանի կառույցն արդեն ամբողջությամբ ներգրավված է այդ գործընթացին, կուսակցության տարածքային մյուս կառույցներին հանձնարարվեց առաջարկներ ներկայացնել Հրազդանի ՏԻՄ ընտրություններին իրենց մասնակցության ձեւաչափերի մասին: ՀՀՇ վարչությունը քննարկել է նաեւ հունվարի 28-ին Եվրոպայի լիբերալների եւ դեմոկրատների կուսակցության` ELDR սեմինարի նախապատրաստական, անցկացման հարցերն ու մասնակիցների կազմը:
ՀՀՇ կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանը տեղեկացրեց, որ Հայաստան են ժամանում ELDR ներկայացուցիչները` ELDR փոխնախագահ Լուզիվիզ Վան Դել Լոն եւ քաղաքական բաժնի ղեկավար Ֆիլիպպ Հանսենը: Նրանք բացի այդ սեմինարից, նախատեսում են հանդիպումներ անցկացնել նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Հայ ազգային կոնգրեսի ղեկավար կազմի եւ Կոնգրեսի երիտասարդական կառույցների հետ:
ՀՀՇ վարչությունը միաձայն հաստատեց ՀՀՇ ԵՄ 13-րդ համաժողովում ընդունված ՀՀՇ ԵՄ նոր կանոնադրությունը: Նաեւ խոսվեց ՀՀՇ ԵՄ դերի բարձրացման հարցի եւ այդ ուղղությամբ կուսակցությունում ակտիվ աշխատանքներ տանելու մասին: Որոշվեց ՀՀՇ ԵՄ կանոնադրությամբ ստեղծված ՀՀՇ ԵՄ հանրապետական նոր խորհուրդը ձեւավորել տարածքների բաշխման սկզբունքով: Ուստի հանձնարարվեց կուսակցության տարածքային կառույցներին ակտիվ աշխատել այդ ուղղությամբ:




























