Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը NBC News-ին տված հարցազրույցում դեմ է արտահայտվել կանանց հիջաբ կրելու վերաբերյալ պարտադրանքին։

«Մարդիկ ընտրության իրավունք ունեն», - ասել է Փեզեշքիանը ուրբաթ օրը NBC-ի «Գիշերային նորություններ» ծրագրի հաղորդավար Թոմ Լամասի հետ հարցազրույցում, երբ պատասխանում էր Մահսա Ամինիի մասին հարցին։ Մահսա Ամինին մահացել է երեք տարի առաջ՝ Իրանի բարքերի ոստիկանության կողմից ձերբակալվելուց հետո, ինչն էլ համազգային բողոքի ցույցեր էր առաջացրել։

«Մենք չունեցանք մեր ներքին խնդիրների պատշաճ կառավարում և իրականացում», - հավելել է նա։

Նա նաև ասել է, որ մնացած աշխարհը «իրավիճակը չափազանց է ուռճացնում»։

«Իհարկե, յուրաքանչյուր մարդկային կյանք անգին է, - ասել է նա: - Բայց ամեն օր հարյուրավոր մարդիկ են զոհվում Լիբանանում, Գազայում, ամբողջ Պաղեստինում, Եմենում և Սիրիայում, և ոչ ոք աչք չի  թարթում։ Ինչու՞։ Նրանք ավելի քիչ մա՞րդ են»։

Ընդգծվում է, որ հարցազրույցն անցկացվել է պետական թարգմանչի ներկայությամբ, որը թարգմանել է իրական ժամանակի ռեժիմով և NBC News-ը ինքնուրույն է վերլուծել թարգմանությունը։