ԱՄՆ Պետդեպարտամենտը ուրբաթ օրը հայտարարել է, որ չեղարկել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի վիզան, հաղորդում է BBC News-ը։
Պետդեպարտամենտում հավելել են, որ որոշումն ընդունվել է Նյու Յորքում պաղեստինամետ փողոցային բողոքի ակցիայի ժամանակ ձախակողմյան առաջնորդի «հրահրող գործողությունների» կապակցությամբ։
Այս շաբաթվա սկզբին Պետրոն BBC-ին ասել էր, որ Թրամփի վարչակազմի կողմից Կարիբյան ավազանում թմրանյութերի մաքսանենգության մեջ կասկածվող նավերի վրա իրականացված ավիահարվածները «բռնապետության ակտ» են եղել։
Պետրոն սոցցանցերում տեսանյութ է հրապարակել Նյու Յորքից, որտեղ ուրբաթ օրը մեծ բազմության հետ մեգաֆոնի միջոցով իսպաներեն է խոսել։
Նրա թարգմանիչը փոխանցել է նրա խոսքերը, որոնք կոչ էին անում «աշխարհի ժողովուրդներին» զինվորներ տրամադրել մի բանակի համար, որը «թվով գերազանցում է Միացյալ Նահանգների բանակին»։
«Ահա թե ինչու, գտնվելով այստեղ՝ Նյու Յորքում, ես խնդրում եմ Միացյալ Նահանգների բանակի բոլոր զինվորներին՝ ձեր հրացանները չուղղել մարդկության վրա, - ասել է նա։ - Մի ենթարկվեք Թրամփի հրամանին։ Ենթարկվեք մարդկության հրամանին», - հավելել է Պետրոն։
Ի պատասխան, Պետդեպարտամենտը կտրուկ քննադատել է նրա գործողությունները։
«Ավելի վաղ այսօր Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն կանգնած էր Նյու Յորքի փողոցում և կոչ էր անում ամերիկացի զինվորներին չենթարկվել հրամաններին և հրահրել բռնություն,- ասվում է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ: - Մենք չեղյալ ենք հայտարարում Պետրոյի վիզան՝ նրա անխոհեմ ու հրահրող գործողությունների պատճառով»։





























