Ղազախստանի դատախազությունը հայտնել է այն մասին, որ բացահայտել է Ժանաոզեն քաղաքում անկարգությունների 6 կազմակերպիչների ինքնությունը: Հունվարի 25-ին հանրապետության գլխավոր դատախազը նշել է միայն նրանց ազգանունները, ասելով, որ բոլոր նրանց մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգությունների կազմակերպման համար: Ներկայումս Սակտագանովը, Ջարիլգասինովը, Ուտկիլովը եւ Տուլետաեւան ձերբակալված են
Բացի դրանից, դատախազությունը հայտնել է նաեւ 23 ակտիվ եւ 11 այլ մասնակիցների ձերբակալման մասին, որոնք եւս թալան եւ անկարգություններ են իրականացրել: Նշվում է, որ նրանց մեծամասնությունն իր մեղքն ընդունել է` նշելով, որ անկարգություններին նախապես են կազմակերպվել:
Հունվարի 25-ին դատախազությունը հայտնել է նաեւ ապստամբության ընթացքում ոստիկանության սպաների գործողությունների ստուգման արդյունքների մասին: Ոստիկանների գործողություններն ընդհանուր առմամբ օրինական են եղել, բայց առանձին դեպքերում զենքի կիրառումն անտեղի է եղել: Սրա հետ կապված` ոստիկանության որոշ ներկայացուցիչների, այդ թվում նաեւ Մագնիստաուսկ շրջանի ՆԳ վարչության պետի տեղակալի եւ Ժանաոզեն քաղաքի ՆԳ Գլխավոր վարչության պետի տեղակալի դեմ քրեական գործ է հարուցվել, գրում է lenta.ru-ն:
Ինչպես կարծում է դատախազությունը, Ժանաոզենի անկարգությունների պատճառներից մեկն էլ «առանձին անձանց կողմից աշխատանքից ազատվածներին բողոքի ակցիային եւ իշխանություններին դեմ գնալուն հրահրելն է եղել»:
Ընդդիմադիրներ Վլադիմիր Կոզլովը, Այջանղուլ Ամիրովը եւ Սերիկ Սապարգալին կասկածվում են Ժանաոզնեում անկարգությունների հրահրման մեջ: Նրանք բոլորը ձերբակալված են: Ձերբակալված է նաեւ «Վզգյադ» ընդդիմադիր թերթի խմբագիր Իգոր Վինյավսկին:
Իրավապաշտպան կազմակերպությունները կարծում են, որ ընդդիմադիրների դեմ մեղադրանքները սարքված են, եւ պահանջում են նրանց ազատ արձակել, հաղուրդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հիշեցնենք, որ Ժանաոզենում 2011 թվականի դեկտեմբերին սկսված անկարգությունները տեւել են մի քանի օր: Քաղաքում բախումներ են տեղի ունեցել գործադուլ անող նավթային ընկերությունների աշխատակիցների եւ ոստիկանության միջեւ: Ըստ ճշտված տվյալների` անկարգությունների արդյունքում զոհվել է 14 մարդ, 100-ից ավելին` վիրավորվել: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը քաղաքում արտակարգ դրություն էր հայտարարել մինչեւ 2012 թվականի հունվարի 31-ը:




























