Մենք պետք է այնպես անենք, որ մահմեդական Թուրքիան Եվրամիության անդամ դառնա: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը` հունվարի 25-ին ելույթ ունենալով ԵԽԽՎ-ում:
«Մենք պետք է աշխատենք Թուրքիայի եւ Եվրամիության անդամ երկրների միջեւ սերտ կապեր հաստատելու ուղղությամբ: Եթե մենք անհանգստանում ենք Մերձավոր Արեւելքում առկա ահաբեկչության եւ միջուկային սպառնալիքի կապակցությամբ, պետք է տեսնենք, որ Թուրքիան սերտորեն կապված է այդ տարածաշրջանին: Մենք պետք է համակեցության ուղիներ գտնենք եւ այնպես անենք, որ մահմեդական Թուրքիան Եվրամիության անդամ դառնա», -ասել է նա:
Նա նշել է, որ Թուրքիայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ վաղուց սերտ կապեր են հաստատված: «Իմ վստահ դիրքորոշումն այն է, որ այդ հարաբերությունները պետք է շարունակվեն, եւ ես կաշխատեմ այդ ուղղությամբ», - ասել է վարչապետը, գրում է Trend-ը:
Մեկնաբանելով Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը` Քեմերոնը հայտարարել է, որ իր երկիրը եւս անցյալին վերաբերող օրենքներ է ընդունել, բայց իր կարծիքով հարկավոր է ապրել ներկայով:
Հիշեցնենք, Ֆրանսիայի Սենատը ձայների 127 կողմ եւ 86 դեմ հարաբերակցությամբ ընդունել է Ֆրանսիայի ընդունած ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) 2011թ. դեկտեմբերի 22-ին արդեն ընդունել էր տվյալ օրինագիծը:




























