ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը, հավանաբար, արդեն հետաքննություն է իրականացնում Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) նախկին տնօրեն Քրիստոֆեր Ռեյի դեմ։ Նման ենթադրությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես ենթադրում եմ, որ նրանք զբաղվում են դրանով», – ասել է ամերիկացի առաջնորդը NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հետաքննություն է իրականացնում Ռեյի դեմ։
Թրամփի խոսքով՝ Ռեյը, ով ղեկավարել է ՀԴԲ-ն ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի օրոք, «սարսափելի վատ է կատարել իր աշխատանքը»։ «Կարծում եմ՝ այն, ինչ նա արել է, չափազանց անընդունելի էր», - հավելել է ամերիկացի առաջնորդը։
Այս շաբաթվա սկզբին ԱՄՆ նախագահը մեղադրել է ՀԴԲ-ին՝ 2021 թվականի հունվարի 6-ին իր կողմնակիցների կողմից Կապիտոլիումի վրա հարձակումը հրահրելու մեջ՝ նշելով, որ դա ուղղակիորեն հակասում է ՀԴԲ նախկին տնօրեն Քրիստոֆեր Ռեյի հայտարարություններին։





























