Եվրամիության երկրների ղեկավարները Կոպենհագենի գագաթնաժողովում կքննարկեն դաշինքի անվտանգության ամրապնդման կոնկրետ նախաձեռնություններ, այդ թվում՝ «դրոնների պատը»։ Այս մասին հայտնել է եվրոպական Politico պարբերականը՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյայի։

«Կոպենհագենում ղեկավարները կքննարկեն կոնկրետ նախաձեռնությունների և համատեղ ծրագրերի մշակումը, որոնք կծառայեն պաշտպանության ոլորտում մեր ընդհանուր նպատակներին, ներառյալ լայնորեն գովազդվող «դրոնների պատը», - ասել է նա։ Նրա խոսքով՝ հանդիպման առիթ է դարձել Ռուսաստանի կողմից ԵՄ երկրների օդային տարածքի ենթադրյալ խախտումները։

ԵՄ առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովը տեղի կունենա Դանիայի մայրաքաղաքում հոկտեմբերի 1-ին։

«Դրոնների պատը» Գերմանիայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի և Բալթյան երկրների համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով տեղակայել մոնիթորինգի միջոցներից և անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու ավտոմատացված համակարգերից բաղկացած բազմաշերտ համակարգ։ Ծրագիրը գտնվում է մշակման և նախատիպերի ընտրության փուլում։