Շոտլանդիայի առաջին նախարար, ազգայնականներ առաջնորդ  Ալեքս Սելմոնդը բրիտանական խորհրդարանականներին ասել է, որ նրանք չեն կարող խանգարել Շոտլանդիայի առանձնացմանը Մեծ Բրիտանիայից: Նա իր երկիրը համեմատել է «թռչնակի հետ, որն արդեն թռել է վանդակից, եւ որին արդեն հնարավոր չի հետ բերել»:

Հունվարի 25-ին Համայնքների եւ Լորդերի պալատի անդամների առջեւ ելույթ ունենալով   սպասվելիք հանրաքվեի մասին` Սելմոնդը նշել է, թե ինչ տեսք է ունենալու հարցը. «Համաձա՞յն եք, որ Շոտլանդիան անկախ երկիր լինի»: Առայժմ միայն այս ձեւակերպումն է քննարկվում, բայց վիճարկվում է նաեւ այլ տարբերակների ընդգրկումը, օրինակ`տարածաշրջանի ինքնավարական լիազորությունների ընդլայնումը, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 «Ձեր Շոտլանդիան` ձեր հանրաքվեն» փաստաթղթի  խորհրդակցումը կավարտվի մայիսի 11-ին: Բացի նշված հարցերից` կքննարկվի եւս մեկ հարց, որը պնդում է Սելմոնդը, այն է շոտլանդացիներին 16 տարեկանից ընտրական իրավունք տրամադրելը:  Նա հավատացնում է, որ եթե այդ տարիքից արդեն մարդիկ հարկեր են վճարում, ապա նրանք նաեւ իրենց տարածաշրջանի ճակատագիրը որոշելու իրավունք պետք է ստանան:

Սելմոնդի գլխավորած Շոտլանդիայի ազգային տարածաշրջանային կառավարությունը հայտարարել է 2014 թվականի աշնանը անկախության  հանրաքվե անցկացնելու նախագծի մասին: Անգլիայի եւ Շոտլանդիայի միությունը գոյություն ունի 1707 թվականից:

Ըստ վիճակագրական տվյալների` ազգայնականներին դեռեւս չի հաջողվել համոզել Շոտլանդիայի ժողովրդին անկախության հռչակման անհրաժեշտության մասին:  Այս նախաձեռնության օգտին կողմ է բնակչության միայն կեսը:

Հիշեցնենք, որ բրիտանական կառավարությունը ուզում է, որպեսզի հանրաքվեն անցկացվի հնարավորինս շուտ: Բրիտանական իշխանությունները նաեւ հայտարարում են, որ իրենք պետք է վերահսկեն հանրաքվեի անցկացման գործընթացը: Շոտլանդիայի տարածաշրջանային իշխանություններն էլ հայտարարում են, որ դրա  իրավունքը միայն իրենք ունեն: