Թաիլանդի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը (ստորին պալատ) կլուծարվի 2026 թվականի հունվարի 31-ին։ Այս մասին հայտարարել է Թաիլանդի վարչապետ Անութհին Չանվիրակունը, ով թագավորության խորհրդարանում քաղաքական հայտարարությամբ է հանդես եկել՝ ներկայացնելով նոր կառավարության ծրագիրը, հայտնել է Thai PBS հեռուստաալիքը։
Չանվիրակունը որպես առաջնահերթ նպատակներ է նշել Կամբոջայի հետ սահմանային հակամարտության խաղաղ կարգավորումը, Թաիլանդի զբոսաշրջության ոլորտի վերականգնումը և քաղաքացիների բարեկեցության բարձրացումը՝ հիմնական ապրանքների ու ծառայությունների գների իջեցման միջոցով։ Նոր կաբինետը նաև պարտավորվել է աջակցել Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու շուրջ հանրաքվեի անցկացման գործընթացին՝ պահպանելով միապետության վրա հիմնված ժողովրդավարական համակարգի ամբողջականությունը։
Թաիլանդի խորհրդարանը սեպտեմբերի 5-ին երկրի նոր վարչապետ է նշանակել «Փհումչայթհայ» («Թաիլանդի հպարտություն») կուսակցության ղեկավար, 58-ամյա Անութհին Չանվիրակունին։ Նա զբաղեցնում էր փոխվարչապետի և ներքին գործերի նախարարի պաշտոնները «Փհըա Թհայ» («Հանուն թայցիների») կուսակցության գլխավորած կոալիցիոն կառավարությունում։ 2019-ից 2023 թվականներին Չանվիրակունը եղել է առողջապահության նախարար և պատասխանատու է եղել Թաիլանդում համաճարակի դեմ պայքարի համար։ Թաիլանդի նոր կառավարությունը կաշխատի առաջիկա չորս ամիսներին, որից հետո վարչապետը կլուծարի խորհրդարանը՝ համընդհանուր ընտրություններ անցկացնելու համար։ Նման պայմանավորվածությունը նախօրոք էր ձեռք բերվել ընդդիմադիր Ժողովրդական կուսակցության հետ, որը խորհրդարանական քվեարկության ընթացքում աջակցել էր Չանվիրակունի թեկնածությանը՝ միաժամանակ հրաժարվելով նոր կառավարությունում պաշտոններից։
Նոր վարչապետի ընտրություններն անհրաժեշտություն էին դարձել այն բանից հետո, երբ Թաիլանդի Սահմանադրական դատարանը օգոստոսի 29-ին պաշտոնից հեռացրել է վարչապետ Փհեթհոնգթհան Չինավատին՝ նախկին վարչապետ (2001-2006 թթ.) Թաքսին Չինավատի դստերը, Կամբոջայի նախկին կառավարության ղեկավարի (1998-2023 թթ.) և Սենատի ներկայիս նախագահ Հուն Սենի հետ նրա հեռախոսազրույցի արտահոսքի գործը քննելուց հետո։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել էթիկական նորմերի կոպիտ խախտման մեջ։ Վարչապետի հետ միասին հրաժարական է տվել նաև նախարարների ամբողջ կաբինետը, որը ներկայացնում էր 2023 թվականի մայիսի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված կոալիցիան։





























