ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցուցադրել է Օվալաձև աշխատասենյակի և վարչակազմի նիստերի սենյակի ոսկեզօծ զարդարանքները՝ ասելով, որ «բոլորը խենթանում են» ինտերիերի գեղեցկությունից։

Ապրիլին Թրամփը Atlantic ամսագրին տված հարցազրույցում հայտարարել էր, որ իր միջոցներով թարմացրել Է Սպիտակ տան ինտերիերը, այդ թվում՝ զարդարելով այն 24 կարատանոց ոսկով:

«Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում և կաբինետի սենյակում օգտագործվել են մի քանի բարձրորակ, 24 կարատանոց ոսկե զարդեր։ Արտասահմանյան առաջնորդները, ինչպես բոլորը, խելագարվում են, երբ տեսնում են որակն ու գեղեցկությունը։ Աշխարհի լավագույն Օվալաձև աշխատասենյակը՝ հաջողության և գեղեցկության առումով», - գրել է նախագահը Truth Social սոցիալական ցանցում։

Ավելի վաղ Wall Street Journal թերթը հայտնել էր, որ Թրամփը Սպիտակ տուն տեղափոխվելուց հետո զգալի քանակությամբ ոսկյա առարկաներ և դեկորի տարրեր է ավելացրել նախագահի պաշտոնական նստավայրի ինտերիերին՝ այն նմանեցնելով իր Մար-ա-Լագո կալվածքին։ Մասնավորապես, Թրամփը հատուկ պատվիրել էր իր և փոխնախագահ Ջեյ Դի Վենսի դիմանկարները ոսկեզօծ շրջանակներով, ինչից հետո այդ պահին արդեն պատրաստի սպիտակ շրջանակները ստիպված են եղել վերամշակել։ Թրամփը նաև անձամբ վերահսկել է Օվալաձև աշխատասենյակի բուխարու դարակին փորագրված ոսկյա ֆիգուրների և Մար-ա-Լագոյից բերել ոսկյա քերովբեների տեղադրումը։ Նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք բուխարին զարդարված է եղել բույսերով։