Սեպտեմբերի 29-ին ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Կանադայի Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահ Մարկ Ռիչարդի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին NEWS.am—ին տեղեկացրել է ՆԳ նախարարությունը: 

Ողջունելով ներկաներին՝ Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև հանցավորության, այդ թվում՝ անչափահասների հանցավորության շարժընթացին՝ քննարկման առարկա դարձնելով հարցեր, որոնք վերաբերում են անչափահասների կողմից հանցանքի կատարմանը, նրանց ազատազրկմանն ու վերասոցիալականացմանը:  

ՆԳ նախարարությունում իրականացվող համապարփակ բարեփոխումների համատեքստում Ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանն ու Կարեն Հակոբյանը մանրամասնել են իրենց ենթակայությամբ գործող՝ համապատասխանաբար Քրեական և Համայնքային ոստիկանությունների ձևավորման աշխատանքները, ինչպես նաև այդ ծառայությունների գործունեության հիմնական ուղղությունները: 

Մարկ Ռիչարդը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և արտահայտել է իր պատրաստակամությունն՝ աջակցության ու փորձի փոխանակման առումով: 

Քննարկման առարկա են դարձել դատապարտված անչափահասների վերասոցիալականացման ու հասարակական կյանքին վերաինտեգրմանը վերաբերող հարցեր: 

Քննարկվել են նաև դատարաններում խափանման միջոցների ընտրության կամ ազատազրկման ձևով պատժի նշանակման քննարկման ժամանակ Դատարանին մեղադրյալի անձի վերաբերյալ խորհրդատվական զեկույցներ տրամադրելու վերաբերյալ հարցեր:   

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչներ: