Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատեր, ամերիկահայ գործարար, մանկապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց  ԱՆ Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

Հարցին, թե նա ստացիոնար բուժո՞ւմ է ստանալու, թե՞ կրկին վերադառնալու է ՔԿՀ, նա պատասխանեց, որ այդ հարցը բժիշկները պետք է որոշեն:

Ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Սերոբ Տեր-Պողոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը հաստատել էր մեր այն տեղեկությունը, որ Սերոբ Տեր-Պողոսյանը տառապում է աղիքային քաղցկեղով: «Նրա առողջական վիճակը վատթարացել է եւ ներկա պահին սիստեմա է ընդունում: Սերոբ Տեր-Պողոսյանը վաղուց է քաղցկեղով տառապել եւ բուժվել ԱՄՆ-ում: Սակայն այս ժամանակահատվածում, երբ կալանքով պայմանավորված բուժումները չի կարողացել ստանալ, հիվանդությունը ակտիվացել է: Ներկա պահին հետազոտություններ է անցնում, սիստեմա է ընդունում, որ հետագայում արդեն հստակ բուժում ընդունի: Չեմ էլ կարող ասել, որ եթե վիրահատության խնդիր առաջան քրեակատարողական հիմնարկում կանեն, թե հիվանդանոցում: Այդ ամենը բժշկի համապատասխան եզարակացությամբ է պայմանավորված: Սպասենք տեսնենք»,- մեզ հետ զրույցում ասել էր Գիվի Հովհաննիսյանը: