Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր` հունվարի 26-ին, ընդունել է մեր երկրում Չինաստանի դեսպան Թիան Չան Չունին:
ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ա. Աշոտյանը նշել է, որ կրթության ոլորտում Հայաստանի եւ Չիանաստանի համագործակցությունը դեռեւս զիջում է երկու երկրների միջեւ ձեւավորված տնտեսական եւ քաղաքական հարաբերությունների մակարդակին: «Մեր կրթական համակարգի համար գրավիչ է ինչպես Չինաստանի զարգացման այսօրվա ժամանակակից, հզոր տեմպը, այնպես էլ հնագույն պատմությունն ու մշակույթը»,- նշել է Ա. Աշոտյանը:
Ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը կրթությունը դիտարկում է գերակա ոլորտ, նախարարը կարեւորել է հայ-չինական նոր կրթական նախաձեռնությունների իրականացումը: ՀՀ ԿԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումները եւ այս համատեքստում պատրաստակամություն հայտնել Հայաստանում հիմնել չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց՝ չինարենը ներառելով պետական կրթական ծրագրերում, որպես օտար լեզու:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ բարձրագույն կրթության ոլորտում հայ-չինական համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր: Կողմերը կարեւորել են ուսանողների շարժունության ու փոխանակման երկկողմ ծրագրերի ընդլայնումը, ինչպես նաեւ կրթական որակավորումների եւ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման համար լիարժեք իրավական հիմքերի ստեղծման խնդիրը:




























