«ԱրԲեՍ» Առողջության կենտրոնում, այսօր` հունվարի 26-ին, Orange Հիմնադրամը եւ «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամն ամփոփել են 2011 թվականի ընթացքում իրականացված բարեգործական ծրագրի արդյունքները, որի նպատակն էր աջակցություն ցուցաբերել աուտիզմով երեխաներին, նրանց ծնողներին:
Ծրագիրը ներառում էր մի քանի փուլ: Աուտիզմի վաղ հայտնաբերման եւ վաղ միջամտության, ինչպես նաեւ աուտիզմի ախտորոշման նոր մեթոդի ներկայացման եւ ներդրման (CHAT)թեստի նպատակով դասընթացներ անցկացվել են Երեւան քաղաքի եւ Արարատի մարզի առաջնային բուժսպասարկման օղակի մասնագետների համար: Դասընթացներին ընդհանուր առմամբ մասնակցել են թվով 160 մանկաբույժներ եւ հոգեբույժներ, 238 մանկավարժ, 30 ծնող, 120 երեխա: Ծրագրի շրջանակներում հունիս-օգոստոս ամիսներին թվով 16 աուտիզմով երեխաներ մայրերի եւ խնամակալների ուղեկցությամբ իրենց ամառային հանգիստն անցկացրեցին Ապարանի լճի ափին գտնվող ամառային առողջարանային ճամբարում: Ծրագրի իրականացման համար Orange-ը հատկացրել էր ընդհանուր առմամբ 24 441 500 դրամ:





























