Երեկվանից ձյուն է տեղում Շիրակի մարզում. տեղումներն առատ են հատկապես Աշոցքի եւ Ամասիայի շրջաններում: Ձյան շերտի հաստությունը տեղ-տեղ հասնում է մինչեւ 10 սմ-ի, սակայն Շիրակի մարզում փակ ճանապարհներ չկան: Այս մասին NEWS.am-ի թղթակցին վստահեցրել է Շիրակի մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պատասխանատու Խաչատուր Խնձրցյանը: Ըստ նրա, ճանապարհները բոլորը բաց են, պարզապես դժվարանցանելի են:
Թեեւ ձյուն մաքրող մեքենաներն աշխատում են, տեղումները եւս շարունակվում են եւ դժվարացնում երթեւեկությունը: «Դժվարանցանելի են հատկապես գյուղամիջյան ճանապարհները, մենք մաքրում ենք կենտրոնականները, հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհները, բայց տեղ-տեղ գյուղամիջյան ճանապարհները փակվում են»,-վստահեցրել է Խաչատուր Խնձրցյանը:
Շիրակի մարզի մի քանի գյուղերից մարզկենտրոն եւ հակառակ ուղղություններով այսօր ավտոբուսներ չեն աշխատել: «Գյումրի» ավտոկայարանում որոշ վարորդներ NEWS.am-ի թղթակցին փոխանցել են, որ մի կերպ են կարողացել հասնել Գյումրի եւ մտածում են հետ դառնալու մասին: Շիրակի մարզի Գյուլուբուլաղ, եւ Ողջի ուղղությունները սպասարկող միկրոավտոբուսի վարորդի փոխանցմամբ, «Մի կերպ հասա ստեղ ու լռվել եմ, հետ դառնալ չեմ կարող, շղթա եմ գնել, գցել անիվներին, որ մի կերպ վերադառնամ»,-վստահեցրել է վարորդը:
Իսկ Վարդաղբյուր-Սարատակ-Գյումրի ուղղությամբ աշխատող ավտոբուսը ճանապարհին սահել է ու հարվածել դիմացից եկող մարդատար մեքենային: «ճանապարհին սառույց էր, ձյուն, տեսանելիություն չկար, դիմացից եկեղ BMW-ն ինձ չէր տեսել, ես տեսել էի, բայց մեքենան սահեց, խփեցինք, լավ է լուրջ բան չեղավ»,-պատմել է վարորդ Արամայիս Ղուկասյանը:
Մասնագետները խորհուրդ են տալիս երկար ճանապարհ գնալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում եւ անպայման օգտագործել ձմեռային անվադողեր:
Ըստ տեղեկությունների, երեկոյան ձնաբուք է սկսվել Երեւան-Գյումրի ճանապարհի Լանջիկի հատվածում: Ձյան տեսքով առատ տեղումները կպահպանվեն եւս 2 օր:































