Ռուսաստանում նախագահի թեկնածու Միխայիլ Պրոխորովը հստակեցրել է իր դերը առաջիկա նախագահական ընտրություններում, նա կլինի «գլխավոր հակապուտինը»:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», ավելի վաղ Պրոխորովը քննադատում էր իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությանը, բայց իրեն չէր հակադրում այդ ուժի առաջնորդին եւ հայտարարում էր, որ իր նախընտրական արշավը չի կառուցի դրա վրա:
Հիմա, սակայն, նա իր առջեւ խնդիր է դրել մարտի 4-ին կայանալիք ընտրություններում հիմնական սուբյեկտ դառնալ այն ռուսաստանցիների համար, ովքեր չեն ցանկանում քվեարկել վարչապետ Վլադիմիր Պուտինի օգտին:
«Այս ընտրություններում իմ խնդիրն է դառնալ գլխավոր հակապուտինը»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Պրոխորովը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի ընտրություններում թեկնածուներ են գրանցվել Միխայիլ Պրոխորովը, Վլադիմիր Պուտինը («Եդինայա Ռոսիա»), կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովը, Սերգեյ Միրոնովը («Սպրավեդլիվայա Ռոսիա») եւ Վլադիմիր Ժիրինովսկին (Ռուսաստան լիբերալ դեմոկրատական կուսակցություն):




























