Հայաստանի երկու թաեքվոնդոիստներ Հայկազ Սամվելյանը (58 կգ քաշային կարգ) եւ Արման Երեմյանը (80 կգ) հավաքականի գլխավոր մարզիչ Գեւորգ Դանիելյանի հետ գտնվում են Կազանում, որտեղ հունվարի 27-29-ը կանցկավի եվրոպական երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ օլիմպիական վարկանիշային մրցաշարը, որը մեր մարզիկների համար Լոնդոնի ուղեգիր նվաճելու վերջին հնարավորությունն է:
Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վարդան Ղահրամանյանը NEWS.am-ի թղթակցին ասաց, որ մեր մարզիկները լիովին պատրաստ են այդ ստուգատեսին. «Կազան մեկնելուց առաջ Հայկազ Սամվելյանը եւ Արման Երեմյանը Թեհրանում իրանցի մարզիկների հետ երկու ուսումնամարզական հավաքներ են անցկացրել: Երկուսն էլ այժմ լավ մարզավիճակում են գտնվում»:
Վարդան Ղահրամանյանը կարծում է, որ մեր թաեքվոնդոիստները օլիմպիական ուղեգիր նվաճելու շանսեր ունեն, չնայած Կազանում այդ իրավունքը ստանալու են 1-3-րդ տեղ գրավողները. «Երկուսն էլ միջազգային մրցումներին մասնակցելու փորձ ունեն: Հայկազ Սամվելյանը Եվրոպայի երիտասարդների 2010 թ չեմպիոնն է, իսկ Արման Երեմյանը` աշխարհամասի 2008 թ մեծահասակների չեմպիոն: Հույս ունենք, որ մեր մարզիկները հաջող հանդես կգան Կազանի մրցագորգին»:
Վարդան Ղահրամանյանը մեր թիմի հետ նույնպես մեկնել է Կազան, քանի որ նա անցած տարվա դեկտեմբերից նշանակվել է Եվրոպայի թաեքվոնդոյի միության «Արդար խաղ» կոմիտեի փոխնախագահ եւ ի պաշտոնե պետք է ներկա լինի մրցաշարին:
Հիշեցնենք, որ Հայաստանից առայժմ օլիմպիական ուղեգրեր են նվաճել 6 մարզաձեւերի 11 մարզիկներ։
Պատրաստեց Գարիկ Հովսեփյանը




























