Շվեյցարիայի Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովը (ՀՏՀ) տեղի է ունենում եվրագոտու եւ  համաշխարհային տնտեսության ապագայի նկատմամբ վստահության ամբողջական կորստի մթնոլորտում: Անցնող համաժողովին նման գնահատական է տվել չինական China Daily հրատարակչությունը` հիմնվելով համաժողովին ներկա չինացի եւ արտասահմանցի փորձագետների տպավորությունների վրա: 

«Այս համաժողովի մասնակիցների շրջանում ընկճվածություն եւ ճնշվածություն է տիրում, ոչ ոք հույս չունի, թե վաղվա օրն ինչ-որ բանով լավ կլինի: Իմ հիշողության մեջ սա Դավոսյան  ամենավատթար համաժողովն է», - ասել է Բանգլադեշի հայտնի տնտեսագետ, Նոբելյան խաղաղության դափնեկիր Մուհամմեդ Յունուսը: Ըստ նրա` ՀՏՀ-ի այս նստաշրջանի մասնակիցների վստահության աստիճանը համաշխարհային տնտեսության ճակատագրի վերաբերյալ հասել է նվազագույն մակարդակի, մարդիկ կորցրել են հավատը համաշխարհային  ներկայիս համակարգի նկատմամբ, եւ դա բավական պատճառ է նրա վերանայման համար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Ռուսական լրատվամիջոցները համամիտ են չինական գնահատմանը: «Նույնիսկ հաշվի առնելով, որ նախորդ համաժողովներն էլ էին անցկացվում ընդհանուր վատատեսական տրամադրությունների մթնոլորտում (ճգնաժամը Հունաստանում, սոցիալական ապստամբությունները արաբական աշխարհում), ներկայիս Դավոսը բացասական առումով գերազանցում է բոլոր նախորդներին», -  գրում է «Օբոզրեւատելը»:

Հրատարակչությունը նշում է, որ համաժողովի բացումն սկսվել է հատկանշական տարբերություններից, որոնք ցույց են տալիս մոլորակի խառնաշփոթը համաշխարհային ֆինանսական շրջանակներում: Այսպես, ՀՏՀ-ի գործադիր տնօրեն Քրիստին Լագարդը հայտարարել է, որ հենց այժմ էլ անհրաժեշտ է նշանակալիորեն ընդլայնել կայունացնող հիմնադրամը, հակառակ դեպքում ամբողջ եվրագոտու վերջը կգա: Եւ հենց նույն պահին էլ Լագարդի նախաձեռնությունը սուր քննադատության ենթարկեց Մերկելը, որը շատ թափանցիկ ակնարկեց, որ Գերմանիան հոգնել է ամբողջ Եվրոպան փրկելով:

Ընդհանուր առմամբ, այս տարվա հիմնական խնդիրները հետեւյալ բնույթի են: Նախ, բոլորին հետաքրքրում է Ռուսաստանի քաղաքական ճակատագիրը եւ սպասվելիք նախագահական ընտրությունները: Ռուսաստանում սոցիալական բողոքների աճող ալիքը անհանգստացնում է ոչ միայն կրեմլյան ղեկավարությանը, այլեւ Արեւմուտքի գլխավոր երկրներին: Բացի այդ, Դավոսի այսօրվա մասնակիցներին հատկապես հուզում է աշխարհում սոցիալական լայն զանգվածների աճող դժգոհությունը, որոնք բավական ագրեսիվ կերպով ելույթ են ունենում իրենց ազգային կառավարությունների դեմ: Բացի այդ, Դավոսի 2012թ. գլխավոր թեմաներից է եվրագոտու ճգնաժամը: Առայժմ «հիվանդի» մասին գլխավոր խոսնակները բավական զուսպ են արտահայտվում, բայց եվրոյի եւ միացյալ Եվրոպայի ճակատագիրը այս անգամ համաժողովի հյուրերի շրջանում մեծ մտահոգության առարկա է:

Այլ տնտեսական թեմաներից հարկ է առանձնացնել կապիտալիզմի ապագայի ընդհանուր տեսության քննարկումները, որի եռանդուն պաշտպանությամբ հանդես է եկել Բիլ Գեյթսը: Հաշվի առնելով Եվրոպայում եւ ԱՄՆ-ում ի հայտ եկած ձախ տրամադրությունները` կապիտալիստական արժեքների պաշտպանությունը դառնում է նույնքան ակտուալ, որքան XIX դարավերջին:

Ոչ տնտեսական թեմաներից կարելի է առանձնացնել ընտրությունների քննարկումը: 2012թ. այդ տեսանկյունից հատկապես բեղուն է. Ընտրություններ կանցկացվեն Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, ընդ որում` նշված յուրաքանչյուր երկրում ընտրությունները կարող են համակարգային փոփոխության ենթարկել աշխարհի ֆինանսատնտեսական քաղաքականությունը եւ զարգացման աշխարհաքաղաքական վեկտորը:

Վերջապես, Դավոս 2012-ը անդրադարձավ նաեւ միջազգային անվտանգության խնդրին: Իրանի թեման, ինչպես նաեւ դրան զուգահեռ սկսված սպառազինությունների մրցավազքը, այսօրվա նյարդային Դավոսում շատ արդիական էր: