Արցախյան պատերազմից հետո  հայերը Կովկասում դարձել էին հեղինակություն եւ նույնիսկ չեչեններն էին մեր առջեւ գլուխ խոնարհում, այնինչ այսօր Ռուսաստանում նույնիսկ տաջիկներն են հայերին նեղում: Այս մասին, այսօր` հունվարի 27-ին, հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:

Նա համաձայն չէ այն մտքի հետ, որ միակ մարտունակ բանակը ունենք տարծաշրջանում: «Հայաստանն ունի Թուրքիայի նման հարեւան, իսկ Ադրբեջանի բանակի տեխնիկական հագեցվածությունը, չեմ կարծում, որ լուրջ դերակատարում կարող է ունենալ, եթե մեր բարոյահոգեբանական վիճակը փոխվի»,-ասաց Ժիրայր Սեֆիլյանն ու հիշեցնում, որ մենք մեկ անգամ արդեն հաղթել ենք մեր ոգու շնորհիվ:

Ավելին, Սեֆիլյանն ստրկամտություն է համարում այն հույսերը, որ եթե Թուրքիան հարձակվի Հայաստանի վրա Ռուսաստանը կգա ու կպաշտպանի մեզ, դա համարելով շատ վտանգավոր մտայնություն: