Գրիգորի Յավլինսկիին պաշտոնապես մերժել են գրանցել որպես Ռուսաստանի նախագահի թեկնածու: Նման որոշում է կայացրել ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր այսօրվա` հունվարի 27-ի նիստում:
Յավլինսկիի գրանցումը մերժելու օգտին քվեարկել են ԿԸՀ 15 անդամներից 14-ը: ԿԸՀ-ի անդամ, «Յաբլոկո» կուսակցությունը ներկայացնող Ելենա Դուբրովինան դեմ է քվեարկել եւ խնդրել այդ որոշմանը կցել իր հատուկ կարծիքը:
Մերժման պատճառն այն է, որ նախագահի թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ 2 մլն ստորագրությունները ստուգելիս ԿԸՀ-ն դրանց 25,66 տոկոսը անվավեր է համարել, թեեւ թույլատրելի սահմանը 5 տոկոսն է:
Թեկնածուն իրավունք ունի 10-օրյա ժամկետում բողոքարկել ԿԸՀ որոշումը Գերագույն դատարանում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
ԿԸՀ-ի անդամ Սիյաբաշ Շապիեւը նշել է, որ կեղծ ստորագրությունների հարցով ԿԸՀ-ն նույնպես դիմելու է դատարան:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը ԿԸՀ-ն դեռ հունվարի 24-ին հայտարարել էր, որ ստորագրությունների ստուգման արդյունքում, Յավլինսկին դուրս է մնում նախագահի պաշտոնի համար մրցապայքարից:
Ռուսաստանում նախագահի ընտրությունները կկայանան մարտի 4-ին: Գրանցված են հետեւյալ թեկնածուները. Վլադիմիր Պուտին («Եդինայա Ռոսիա»), Գենադի Զյուգանով (Կոմկուս), Սերգեյ Միրոնով («Սպրավեդլիվայա Ռոսիա»), Վլադիմիր Ժիրինովսկի (ՌԼԴԿ) եւ ինքնաառաջադրված միլիարդատեր Միխայիլ Պրոխորով:



























