Հայաստանում երկար տարիներ է, որ, դասական իմաստով, գոյություն չունի քաղաքական գործընթաց. գոյություն ունի բռնապետություն եւ բռնապետ, որն իր կամքն է թելադրում իր ենթականերին, իսկ նրանք էլ` ժողովրդին: Այս մասին, այսօր` հունվարի 27-ին, ասուլիսի ժամանակ ասաց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը: Նրա խոսքով, ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը պետք է փնտրել նոր դաշտում եւ «Սարդարապատ» շարժումն ու մի խումբ ինքնաբուխ դիմադրողական ուժեր, ըստ նրա, գտնվում են այդ նոր դաշտում:
Սեֆիլյանը համոզված է, որ այդ ուժերի միավորման դեպքում կարող են ձերբազատվել այս ռեժիմից եւ դառնալ այլընտրանք:
«Այս ընթացքում մենք զբաղված ենք զուգահեռ իշխանության ձեւավորմամբ: Իսկ «Սարդարապատ» շարժումն այս ռեժիմի օրոք ոչ մի ընտրությունների չի մասնակցելու: Նախ պետք է ազատվենք այս ռեժիմից եւ անցումային փուլում հնարավորինս կարճ ժամանակահատվածում ստեղծենք պայմաններ ազատ եւ արդար ընտրությունների համար, նոր միայն գնանք ընտրությունների: Այսինքն մենք մասնակցելու ենք ընտրությունների, բայց ոչ այս ռեժիմի օրոք: Միայն ու միայն այն տապալելուց հետ»,- պարզաբանեց Ժիրայր Սեֆիլյանը:
Իսկ ով իրեն այս իշխանությունների օրոք ընդդիմություն է համարում ու մասնակցում ընտրությունների, ըստ նրա, ընդդիմադիր կոչվելու իրավունք չունի: Ի դեպ, Ժիրայր Սեֆիլյանը նկատեց, որ իրենք այնպիսի հեղափոխություն չեն անելու, երբ հեղափոխություն անում են ռոմանտիկները, իսկ համակարգին տիրում են տականքները:




























