«Փյունիկի» եւ մինչեւ 19 տարեկանների Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ղուկաս Պողոսյանը (16.02.1994թ.) վերջերս է վերադարձել  Իսպանիայում կայացած «Կուբանի» ուսումնամարզական հավաքից:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում երիտասարդ ֆուտբոլիստը պատմեց հավաքից ստացած տպավորությունների մասին. «Մեկ շաբաթը այդքան էլ երկար ժամանակ չէ,  որպեսզի կարողանաս մեծ փորձ ձեռք բերել, սակայն ինձ համար այդ մեկ շաբաթն էլ մեծ առավելություն էր, քանի որ «Կուբանն» ընդգրկված է Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ութ ուժեղագույնների մեջ: Այնտեղ ինձ շատ լավ ընդունեցին: Անցել էր երեք օր,  սակայն ինձ վերաբերվում էին այնպես, կարծես  թե  այդ թիմի հինգ տարվա խաղացող լինեմ, ինչի համար շատ շնորհակալ եմ: Շատ հաճելի էր շփվել այնտեղի մարզչական կազմի հետ: Ես հիացած եմ նրանց աշխատանքով եւ պրոֆեսիոնալիզմով»:

«Փյունիկի» եւ «Կուբանի» մարզումների  տարբերության մասին Ղուկաս Պողոսյանը նշեց. «Կասեմ, որ տարբերությունը մեծ չէր, այնտեղ պարզապես  կան ֆիզիկական մարզումներ անցկացնող  մասնագետներ, ովքեր  առավելագույնս  զարգացնում են  մարզիկի տվյալ որակները: Հիմնական ուշադրությունը ֆիզիկական  որակների զարգացման  վրա էր,  քանի որ «Կուբանի» դեռ առաջին հավաքն էր, եւ ես  իմ հերթին փորձեցի ինձ դրսեւորել առավելագույնս: Մարզումների  ժամանակ  կիրառվում էր այն ամենը, ինչ  սովորաբար  օգտագործվում է նաեւ մեզ մոտ»:

Նոր թիմ տեղափոխվելու հավանականության կամ ցանկության մասին «Փյունիկի» ֆուտբոլիստն ասաց. «Հետեւելով տարբեր կայքերում գրված նյութերին` հանդիպել եմ նման տեղեկությունների, սակայն ոչինչ դեռ  ստույգ չէ, եւ այդ մասին  առայժմ  ոչինչ չեմ կարող ասել: Կան բարձրակարգ ակումբներ, որտեղ կցանկանայի հանդես գալ, սակայն կարծում եմ`դեռ վաղ է այդ մասին խոսել: Ես դեռ շատ երիտասարդ եմ»:

Պատրաստեց Տաթեւ Մարությանը