2008 թվականի մարտի դեպքերից հետո Հայաստանը 4 տարի սարսափով սպասել է ԵԽԽՎ-ի զեկուցողի ժամանմանը: Հունվարի 27-ին լրագրողներին նման միտք է հայտնել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանը: 

«Անցած 4 տարվա ընթացքում մեր պետությունը բազմաթիվ դիվանագիտական սխալներ է թույլ տվել, անընդհատ փորձել է արդարանալ: Եվրամիությունը մեզ համար սարսափելի ինչ-որ բան էր:  Եւ ամբողջ հանրապետությունը լարվում էր ամեն անգամ, երբ Հայաստան էր գալիս ԵԽԽՎ-ի զեկուցող Ջոն Փրեսքոթը, մտածելով` ինչ պատասխանել նրան բանաձեւերի իրագործման վերաբերյալ», - վստահ է Իգիթյանը:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ի բանաձեւերում ասվում էր, որ Հայաստանում պետք է ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները` Երեւանում 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի հետեւանքները հաղթահարելու համար: 2011 թվականի հոկտեմբերին ԵԽԽՎ-ն բանաձեւ ընդունեց Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ: Բանաձեւում նշվում էր, որ  «մարտի 1-ի էջը կարելի է փակված համարել»: Փաստաթուղթը Հայ ազգային կոնգրեսը կտրուկ մերժել է: