Իրանական Press TV հեռուստաալիքը տեղեկացնում է, որ վթարի ենթարկված ինքնաթիռը փորձել է վթարային վայրէջք կատարել, սակայն օդում բռնկվել է:

Ի դեպ, սկզբնապես վարկած էր առաջ քաշվել, թե ինքնաթիռը գերծանրաբեռնված է եղել, սակայն այդ վարկածը հերքվել է, քանի որ ТУ-154 ինքնաթիռը կարող է տեղափոխել մինչեւ 180 մարդ, իսկ ինքնաթիռում գտնվել է 168 ուղեւոր եւ անձնակազմի անդամ։

Հիշեցնենք, որ այսօր, Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր է ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռը, որում, ըստ Իրանի հանրային հեռուստատեսության, եղել են 169 մարդ, այդ թվում 16 հոգանոց ինքնաթիռի անձնակազմը:

Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանից թռչելուց 16 րոպե հետո, ինքնաթիռն ընկել է Կազվինի շրջանի Ջենեթաբադ քաղաքի մոտակայքում` Թեհրնից 200 կմ հեռավորության վրա:: Ընկնելուց հետո ինքնաթիռն այրվել է: Ըստ նախնական տվյալների, բոլոր ուղեւորները զոհվել են:

CNN-ը տեղեկացնում է, որ եղանակը նույնպես չէր կարող հանդիսանալ ինքնաթիռի վթարի պատճառ, քանի որ երկինքն այդ պահին ամպամած չի եղել։

Ինքնաթիռի կործանման վայրում առաջացել է 10 մետր խորությամբ ձագարափոս։ Ինչպես FARS գործակալությանը մեկնաբանել է փրկարարներից մեկը, դեպքի վայրում 200 քառ. մետր մակերես ունեցող տարածքը ծածկված է ուղեւորների մարմինների հատվածներով եւ ինքնաթիռի բեկորներով։

Ըստ նախնական տվյալների՝ վթարի պատճառ են հանդիսացել տեխնիկական խնդիրները, որոնք առաջացել են թռիչքից անմիջապես հետո։ Ինքնաթիռը փորձել է արտակարգ վայրէջք կատարել, սակայն օդում այն բռնկվել է եւ մասնատվել։