Լրատվամիջոցները ուռճացրել են Ուրալում հայերի եւ կազակների միջեւ առաջացած հակամարտությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը:

Հիշեցնենք, որ խոսքը Եկատերենբուրգում, ավելի ստույգ Արտյոմեւսկ ոչ մեծ քաղաքում ստեղծված իրադրության մասին է: Versia.ru-ի տեղեկություններով, հունվարի 31-ին կազակներն իբր հայտարարել են «ատելության օր»` խոստանալով մեկընդմիշտ ազատել մայր հողը «նվաճողներից»: Որոշ տեղեկություններով, կազակների եւ հայերի հարաբերությունների խզման գործում մեծ դեր են խաղացել տեղի ադրբեջանցիները, ովքեր տնտեսական հակամարտությունների ֆոնի վրա բախումներ են հրահրում հայերի եւ կազակների միջեւ: Այդ կապակցությամբ, հունվարի 18-ին Ռուսաստանի հայերի միությունը որոշում է ընդունել կազակ աթաման Սերգեյ Մադաթովին ուղարկել Ուրալ կազակների հետ անմիջական բանակցություններ սկսելու նպատակով:

Կազակ աթամանի միջամտության կարիքը դեռ չի եղել: «Սերգեյ Մադաթովը արդեն պատրաստվում էր ուղեւորվել, բայց դա հետաձգվել է: Պարզվել է, որ իրավիճակն ավելի հանգիստ է, քան այդ մասին գրում են լրատվամիջոցները»,-նշել է Գերման Անանյանցը: Նրա խոսքով, այդ մասին հայտարարել է Մոսկվայի կազակ աթամանը` իրավիճակն այս պահին հանգիստ է:

Նշենք, որ հայերի եւ կազակների միջեւ լարված հարաբերությունների անմիջական պատճառ են դարձել Արտյեմովսկի քաղաքապետի ընտրությունները: Հայերը պաշտպանում էին քաղաքի արդեն նախկին ղեկավարի թեկնածությունը, իսկ կազակները` նորինը: Հաղթել է նոր թեկնածուն, որը հանգեցրել է կազակների եւ հայերի միջեւ հարաբերությունների սրմանը: