«Նաիրիտ» գործարանում կրճատումները վերաբերելու են բացառապես վարչական անձնակազմին: Այդ մասին NEWS.am-ին ասաց «Նաիրիտի» աշխատակիցներից մեկը: Մասնավորապես` աշխատանքից կազատվեն գործարանի տնօրենի օգնականները, ինչպես նաեւ վարչական անձնակազմի մի քանի անդամներ, որոնք շատ բարձր աշխատավարձեր են ստանում (ամսական սկսած 500 հազ. դրամից): Բացի այդ` կրճատվողները կամ հասել են թոշակային, կամ նախաթոշակային տարիքի, եւ առողջական խնդիրներ ունեն: Այսինքն` նույնիսկ գործարանի վերագործարկման դեպքում նրանք աշխատունակ չեն լինի: Ըստ աղբյուրի` բանվորներին կրճատումները չեն վերաբերում:

Սակայն, NEWS.am-ի աղբյուրի տեղեկացմամբ` «Նաիրիտի» տնօրինության վրա ճնշումներ են գործադրվում այս կամ այն աշխատակցին պաշտոնում թողնելու համար: «Անգամ 6-րդ վարչությունից են զանգում»,- նշեց աշխատակիցը:

Նշենք, որ ավելի վաղ «Նաիրիտի» մամուլի ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը լրատվամիջոցների հետ զրույցում չի բացառել, որ որոշ հաստիքներ կկրճատվեն, սակայն նշել է, որ առայժմ պաշտոնական հրաման կամ խորհրդի որոշում չկա: