«Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումների ժամանակ 2013 թվականի նախագահական ընտրություններում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը պաշտպանելու հարցը չի քննարկվել ու չի շոշափվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, անդրադառնալով այդ ուժերի միջեւ ընթացող բանակցություններին:

«Ներկա պահին ընթանում են նույնիսկ ոչ թե բանակցություններ, այլ խորհրդակցություններ, հստակեցվում է քաղաքական օրակարգը, նշվում են խնդիրները եւ դրանց լուծումները: Քննարկումների հիմնական թեման առաջիկա խորհրդարանական ընտրություններն են, իսկ նախագահի ընտրություններին դեռ չենք հասել»,-ժպտաց Մարտիրոսյանն, ընդգծելով, որ քննարկումներն ընթանում են «նորմալ աշխատանքային մթնոլորտում»:

Հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում հրապարակումները, որ երկու ուժերի բանակցությունների գլխավոր հարցը 2013-ի նախագահական ընտրություններն են, զրուցակիցը պատասխանեց. «Բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը»:

Նշենք, որ լրատվամիջոցներում լուր էր հայտնվել, որ «Ժառանգությունը» պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Ազատ դեմոկրատների» հետ նախընտրական բլոկ ստեղծել, եթե վերջինս կխոստանան 2013-ի նախագահական ընտրություններում պաշտպանել Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը: Նշվում է, որ «Ազատ դեմոկրատները» պատրաստ են ընդունել այդ առաջարկը, քանի որ իրենք չունեն նախագահի թեկնածու, փոխարենը պահանջում են առավելագույն տեղեր ստանալ նախընտրական դաշինքի ընտրացուցակի առաջին 10 տեղերում: