Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հետ համատեղ հրավիրված խորհրդակցության ընթացքում քննարկվել են տեղական ինքնակառավարման մարմինների ու ոստիկանության փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են Երեւան քաղաքի վարչական շրջանների ղեկավարները, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ տարածքային բաժինների պետերը:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ ոստիկանության պետին՝ հրավերն ընդունելու համար, Տարոն Մարգարյանը կարեւորել է համատեղ աշխատանքը հասարակական կարգի պահպանման գործում, որի արդյունավետությունը  պայմանավորված է  վարչական շրջանների եւ ոստիկանության բաժինների համակարգված աշխատանքով ու սերտ համագործակցությամբ: Քաղաքապետն ընդգծել է, որ  հասարակական կարգի պահպանման որակական բարելավումը հրամայական է եւ պահանջում է ամենօրյա ու հետեւողական աշխատանք: Այս համատեքստում քաղաքապետն առանձնացրել է «Անվտանգ քաղաք» ծրագրի շրջանակում համագործակցությունը, որն ուղղված է քաղաքացու ու քաղաքային միջավայրի հարմարավետության ու անվտանգության ապահովմանը, ինպես նաեւ համատեղ ծրագրերի  իրականացումը  հատկապես անչափահասների շրջանում:

Անդրադառնալով անվտանգ մայրաքաղաք  ունենալու խնդրին՝  ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ հաջողության գրավականը ոչ միայն քաղաքային իշխանությունների հետ համագործակցության զարգացումն է, այլ նաեւ ուղղակի աշխատանքը համայնքներում, հասարակության տարբեր շերտերի ու ներկայացուցիչների հետ:

Վլադիմիր Գասպարյանը նշել է նաեւ, որ ընտրությունների շրջանում օբյեկտիվորեն հասարակական կյանքի որոշակի աշխուժացում է նկատվում, ինչը պարտավորեցնում է ավելի զգոն լինել եւ անել առավելագույնը այդ ժամանակահատվածում մայրաքաղաքում կայուն հասարակական կարգ ապահովելու համար:  Ոստիկանապետը համոզմունք է հայտնել, որ համակարգված ու առարկայական  համագործակցությունը ցանկալի արդյունք կտա եւ իրական կդարձնի օրինակելի մայրաքաղաք ունենալու բոլորիս ձգտումը: