Երեւանի քաղաքապետարանն ու ոստիկանությունը համատեղ ծրագիր են իրականացնում, որը կրում է «Աշակերտ, ոստիկան, զինվոր՝ հայրենիքի նվիրյալ» խորագիրը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նպատակն է միջոցառման միջոցով աջակցել հանրակրթական դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակության պատշաճ կազմակերպմանը, ինչպես նաեւ անչափահասների հնարավոր քրեածին արարքների դրսեւորումների կանխարգելմանը:
«Բարեկամ դարձնելով դպրոցականին եւ ոստիկանին՝ մենք կբացառենք այն հանցագործությունները, որ առանց գիտակցելու կամ այլ պատճառներով կարող է թույլ տալ անչափահաս»,- ասել է Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
Քննարկումների ընթացքում դպրոցականները բազմաթիվ հարցեր են ուղղել ոստիկաններին ու ստանում պատասխաններ, որոնք այդ տարիքի երեխաների համար նաեւ խորհուրդ են: Այս կերպ ոստիկանները նաեւ իրազեկվում են, թե ինչ գիտեն երեխաները երիտասարդական տարբեր խմբվածությունների, քրեական եւ հակասոցիալական այլ խմբերի մասին եւ հատկապես՝ ինչպես են ինֆորմացվում: Երեխաների հետ անմիջական զրույցները ոստիկաններին ու մանկավարժներին հնարավորություն կտան կանխարգելել հնարավոր իրավախախտումները՝ երեխաներին իրազեկելով դրանց մասին:
«Շատ դեպքերում օրինակներ ենք բերում, որ ավելի պատկերավոր լինի խոսքը, հետաքրքրի երեխաներին. իրական դեպքեր ենք պատմում, բացատրում ենք այն հնարավոր պատիժը, որ կարող է կիրառվել անչափահասի նկատմամբ իրավախախտում կատարելուց հետո»,- բացատրում է ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով բաժնի պետի տեղակալ Նելլի Դուրյանը:
Քննարկումներում ընգրկված հարցերի շրջանակները նաեւ բանակին են վերաբերում՝ բանակը որպես անչափահասների քաղաքացիական դաստիարակության գործոն դիտարկելուն: «Երեխան պիտի գիտակցի, որ ինքը բանակի համար կարեւոր մարդ է, պիտի գնահատի իր մասնակցությունը բանակին ու ծառայությանը հայրենիքին»,- նշել է Գայանե Սողոմոնյանը:
Քննարկումներին ներգրավված են աշակերտներ՝ Երեւանի բոլոր վարչական շրջաններից դպրոցներից:




























