Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն այսօր` հունվարի 27-ին 20-հազարական դրամ է բաժանել Շիրակի մարզի զոհված ազատամարտիկների ընտանիքներին: Հարկ է նշել, որ այս անգամ ոչ թե ազատամարտիկների ընտանիքներն են եկել գումար ստանալու մարզպետարան կամ զիկոմիսարիատ, այլ ընտանիքների գումարները մարզպետարանի աշխատակիցները անձամբ են տարել նրանց` մինչեւ հեռավոր գյուղեր:

Հարցին, թե ինչո՞ւ է որոշել Գիզիրյանը բարեգործություն անել, Շիրակի մարզպետարանի աշխատակիցները պատասխանել են, թե «Սա նորություն չէ, ավանդույթ է, որ դրել է Գիզիրյանը եւ որը շարունակվում է»: Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռաֆիկ Փոթինյանն էլ հարցազրույց է տվել լրագրողներին, ասելով, թե «Ավելի ճիշտը դա է, որ մարդկանց չկանչենք այստեղ, որ իրենք իրենց տանը նստեն եւ մենք գումարը մեր ձեռքով տանենք տանք իրանց»: NEWS.am-ի թղթակցի դիտարկումից, թե վերջին շրջանում նմանատիպ ձեռնարկներն ընկալվում են որպես պասիվ քարոզչության շրջանում իրականացվող նախընտրական ձեռնարկ, Շիրակի մարզպետարանի սոցապ վարչության պետը զարմանալիորեն միանգամից պոռթկաց. «Ի՞նչ նախընտրական, ի՞նչ քարոզչություն, մարզպետը նման բաների հետ ինչ գործ ունի, լավ լսեք ու ականջներիդ օղ արեք, որ Գիզիրյանը չի մասնակցում քարոզչություններին: Այ կուսակցությունները ամեն քայլափոխի նվերներ են բաժանում, ինչ ասես անում են, գնացեք իրանց հարցրեք, նախընտրական, նախընտրական… »:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ Շիրակի մարզպետարանը Գյումրիի 7-րդ դպրոցի դահլիճում միջոցառում է կազմակերպել նվիրված ազգային բանակի 20-րդ տարեդարձին: Միջոցառման ժամանակ մարզպետ Գիզիրյանի անունից շնորհակալագրերով ու պատվոգրերով պարգեւատրվել են միջոցառման շուրջ 20 մասնակից: Զարմանալի էր, որ պարգեւատրվողների մեջ մի ստվար մաս կազմում էին Շիրակի մարզի մի շարք դպրոցների տնօրեններ: Ինչ տրամաբանությամբ էին նրանք պարգեւատրվում ազգային բանակի տարեդարձի կապակցությամբ, զինղեկների կողքին,Շիրակի մարզպետարանի աշխատակիցները չեն մանրամասնել: Վերջում միայն բեմ է բարձրացել Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանն ու Գիզիրյանի անունից շնորհավորել է. «Ես շնորհավորում եմ բոլոր զինծառայողներին ու ոստիկաններին գեներալ Գիզիրյանի անունից»,- ասել է փոխմարզպետը:

Շրջանառվող վերջին լուրերի համաձայն վերջին շրջանում Գիզիրյանն ակտիվորեն շրջում է նաեւ Շիրակի մարզի գյուղերում: Ըստ մարզպետարանի մեր աղբյուրների՝ նպատակը գյուղերում «կարգուկանոն » հաստատելն է: Գիզիրյանը գյուղեր գնում է պարարտանյութի համար՝ներկայացնելով, որ մեկ պարկ 8000 դրամ արժեցող պարարտանյութի 2000 դրամը սուբսիդավորում է պետությունը: Այնինչ իրական նպատակը գյուղապետերի հետ հանդիպելն ու ընտրություններից առաջ նրանց հետ զրուցելն է: