Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 27-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով փոխտեղակալ Էրիկ Ռուբինին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են , որ, ողջունելով հյուրին, Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն հայտնեց հայ-ամերիկյան  բարեկամական գործընկերության սերտացման կապակցությամբ՝ ընդգծելով, որ վերջին տարիներին երկկողմ հարաբերությունների զարգացման գործընթացում արձանագրված առաջընթացը լայն հնարավորություններ է ստեղծում փոխգործակցության առավել ամրապնդման ու ընդլայնման համար:

Էրիկ Ռուբինն իր հերթին նշեց, որ Միացյալ Նահանգները բարձր են գնահատում Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները եւ շահագրգռված են դրանց հետագա խորացմամբ ու նպատակադրված են գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը նշեց նաեւ, որ Միացյալ Նահանգները շարունակելու են գործակցությունը Հայաստանի հետ տարածաշրջանում կայունության հաստատման, տնտեսական զարգացման խթանման, բարեփոխումների իրականացման ասպարեզներում:

Էդվարդ Նալբանդյանն ու Էրիկ Ռուբինը հանգամանալից քննարկում ծավալեցին երկկողմ համագործակցության առնչվող հարցերի, տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Զրուցակիցներն անդրադարձան ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումներին: