Ռուսաստանը չի կարող աջակցել Սիրիայի նկատմամբ ՄԱԿ-ի ԱԽ-ի նոր բանաձեւերի նախագծին: Նման հայտարարություն է արել ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստի ավարտին, որի ընթացքում քննարկվել են Սիրիայում բռնության դադարեցման համար ձեռնարկվելիք միջոցառումները:
Նրա խոսքով` Մարոկկոյի ներկայացրած բանաձեւերի նոր նախագիծը իրավիճակը շտկելու հիմք չի կարող դառնալ:
Ռուսաստանի ներկայացուցիչն ընդգծել է, որ նոր նախագիծը ոչ միայն արհամարհում է այն սահմանը, որը Ռուսաստանը չի կարող անցնել, այլեւ ներառում է նոր տարրեր, որը Մոսկվան չի ընդունի սկզբունքի պատճառով: Մասնավորապես, դա վերաբերում է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցներին եւ զենքի մատակարարման նկատմամբ նախատեսվող էմբարգոյին:
Չուրկինը նշել է, որ ռուսական մոտեցման փիլիսոփայությունը հիմնված է փոխզիջման վրա, որը արտահայտվել էր 2011թ. օգոստոսի 3-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահի հայտարարության մեջ, որում ասվում էր, որ բռնությունը պետք է դադարեցվի քաղաքական ճանապարհով` հենց սիրիացիների կողմից: Սակայն, դիվանագետի խոսքով, ներկա պահին այդ ուղին թելադրում են դրսից, նախքան երկրում քաղաքական երկխոսություն սկսելը, հաղորդում է «Ռոսբալտը»:
Նոր նախագիծը ներկայացրել է Մարոկկոն: BBC-ի տվյալներով` նախագծի պատրաստմանը մասնակցել են նաեւ Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան: Բանաձեւը աջակցում է այս շաբաթ Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) ավելի վաղ առաջարկածի հիմնական դրույթներին:
Լիգան Սիրիայի նախագահ Բաշար Ասադին կոչ էր արել իշխանությունը փոխանցել իր տեղակալին, որը երկու ամսվա ընթացքում ազգային միասնության կառավարություն կձեւավորի` ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Բացի այդ, բանաձեւերի նոր նախագծում նաեւ կոչ է արվում լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել սիրիական վարչակարգի դեմ, եթե Սիրիայի նախագահը չհամաձայնի հանձնել իշխանությունը:



























