Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին Ճապոնիայում դիմավորել են հակառուսաստանյան ցույցերով: Ցույցերի մասնակիցները պահանջում են Ճապոնիային վերադարձնել Հարավկուրիլյան կղզիները: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:

Ռուսաստանի ԱԳ նախարարը Ճապոնիա է ժամանել Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների շրջագայության շրջանակներում: Իր ճապոնացի գործընկեր Կոիտիրո Գեմբայի հետ հանդիպման ընթացքում Լավրովը նրան հրավիրել է պատասխան այցով այցելել Ռուսաստան:

Կոիտիրո Գեմբան ընդգծել է անցած աշնանից հետո հարաբերությունների դրական զարգացումը եւ հավելել, որ «Ճապոնիան մտադիր է Ռուսաստանի հետ Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործընկերներին վայել հարաբերություններ կառուցել»:

Այցի առանձին թեմա կդառնան Տոկիոյի տարածքային պահանջները Հարավկուրիլյան չորս կղզիների վերաբերյալ: Այդ կղզիների շուրջ վեճը չի կարգավորվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եւ երկու երկրների միջեւ խաղաղ համաձայնագրի   կնքման խոչընդոտ է հանդիսանում, գրում է lenta.ru-ն: