«Գազպրոմի» հետ Կիեւի «երկաթբետոնե» պայմանագրի «դակիչը» կդառնա էներգախնայողությունը, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը:
Կառավարության ներկայացուցիչը հիշեցրել է Ալեքսել Միլլերի խոսքերը, որը 2009թ. գազային պայմանագիրն անվանել էր «երկաթբետոնե»: Ազարովը նաեւ հիշեցրել էր, որ Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նիստում ռուսական վառելիքի օգտագործումը կրճատելու, էներգիայի այլընտրանքային աղբյուրների մշակումն ակտիվացնելու եւ էներգախնայող տեխնոլոգիաների զարգացման որոշում է կայացվել. «Ահա մեր պատասխանը` դակիչը նրանց երկաթբետոնե պայմանագրի համար, որը ստորագրվել է 2009թ.: Ահա այսպես մենք դրան կհակադարձենք»,- մեջբերում է segodnya.ua-ը:
Հիշեցնենք, հունվարի 23-ին Միլլերը հայտարարել էր, որ «Նավթոգազը» կպահպանի 2009թ. պայմանագրի պահանջները: «Ինչ վերաբերում է Ուկրաինային, մենք գործող պայմանագիր ունենք: Պայմանագիրն այնպիսին է, որ մեր ուկրաինացի գործընկերներն էլ են հիանալի հասկանում, որ այդ պայմանագրի պայմանները «երկաթբետոնե» են: Եւ եթե խոսենք 2012թ. մասին, ապա ուկրաինական կողմը հաստատել է, որ պայմանագրային պարտավորությունները կկատարի ամբողջական ծավալով»:
Միլլերը նաեւ հիշեցրել է, որ Ուկրաինան կարող է նվազեցնել գազի ներկրումը, բայց միայն «վերցրու կամ վճարիր» սկզբունքով, որը նշված է պայմանագրում:




























