Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսը Բարաք Օբամայի ձեռքը սեղմելու ցանկություն է հայտնել: Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելու մտադրության մասին եւ նշել է, որ պատրաստ է մտերմանալ, եթե եւ ինքը, եւ Օբաման վերընտրվեն:

«Եթե ես հաղթեմ այստեղ, իսկ Օբաման` այնտեղ, հուսով եմ մենք նորից իրար ձեռք կսեղմենք , կկարողանանք բանակցություններ վարել եւ բարելավել մեր երկրների միջեւ հարաբերությունները», - ասել է Չավեսը` լրագրողների առաջ ելույթ ունենալով, հայտնում է Agence France-Presse-ը:

Չավեսի հայտարարությունն, ամենայն հավանականությամբ, Օբամայի հարցազրույցի պատասխանն է եղել, որտեղ Օբաման թեպետ նշել է, որ Վենեսուելայի կառավարությունը ԱՄՆ-ի գործողությունները փորձում է ներկայացնել որպես «իր սեփական սխալների արդարացում», բայց նաեւ ասել է, որ դեմ չէ Կարակասի հետ հարաբերությունները լավացնելուն:

Հուգո Չավեսը երրորդ ժամկետում  կընտրվի 2012 թվականի հոկտեմբերին, իսկ Բարաք Օբաման ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին կմասնակցի 2012 թվականի նոյեմբերին:

ԱՄՆ-ը եւ Վենեսուելան դիվանագիտական հարաբերությունները խզել են 2010 թվականին, եւ մինչեւ այժմ գտնվում են կոնֆլիկտի մեջ:

Ավելի վաղ Չավեսը բազմիցս հայտարարել է այն մասին, որ ԱՄՆ-ի կառավարությունը միջոցներ է փնտրում իրեն հեռացնելու համար: Նա մեղադրել է ԱՄՆ-ին մի տեխնոլոգիայի մշակման մեջ, որով Լատինական Ամերիկայի ղեկավարներին քաղցկեղով է վարակել: Չավեսը տարօրինակ է համարել այն փաստը, որ վերջին տարիներին նման  ախտորոշում են հայտնաբերել իր, ինչպես նաեւ Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քրիշների եւ Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլու դա Սիլվայի մոտ: