Ռուսաստանը եւ Ճապոնիան պայմանավորվել են վիզային ռեժիմի հեշտացման մասին եւ մշուշոտ հայտարարություններ են արել խաղաղ պայմանավորվածության գալու հարցի որոշման առնչությամբ, որն այդպես էլ չի կնքվել երկու երկրների միջեւ Հայրենական մեծ պատերազմից հետո Կուրիլյան կղզիների շուրջ ծագած խնդիրների հետեւանքով: Կողմերը նաեւ հայտարարել են վիճահարույց տարածքում համատեղ տնռեսական նախագծերի իրագործման հնարավորության մասին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ճապոնիա կատարած այցի շրջանակներում հանդիպել էր իր գործընկեր Կոիտորո Գեմբայի հետ:
ՌԴ-ի եւ Ճապոնիայի դիրքորոշումը խաղաղության պայմանագրի խնդրի շուրջ նախկինի պես տարբերվում է, սակայն Մոսկվան եւ Տոկիոն պատրաստ են երկու երկրների համար ընդունելի որոշում կայացնել, հայտարարել է Սերգեյ Լավրովը: Ընդ որում` նա նշել է, որ անհրաժեշտ է «խուսափել հրապարակային արտահայտություններից, որոնք կարող են էլ ավելի բարդացնել իրավիճակը»: Գեմբան իր հերթին խոստացել է , որ Մոսկվան եւ Տոկիոն չեն հետաձգի տարածքային հարցի (Կուրիլյան կղզիների վերաբերյալ) բանակցությունները:
Ըստ Լավրովի եւ Գեմբայի ստորագրած համաձայնագրի` հեշտացված վիզային ռեժիմը նախատեսում է, որ երկու երկրների գործարար շրջանների ներկայացուցիչներն այժմ կարող են վիզա ստանալ 90 օրվա համար` առանց հատուկ հրավերի: Ներմուծվելու է նաեւ մինչեւ 3 տարվա բազմանգամյա վիզային համակարգը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Գեմբան հայտարարել է , որ Ճապոնիան պատրաստ է վերանայել ՌԴ-ի հետ համատեղ Կուրիլյան կղզիներում տնտեսական գործունեության քննարկման հարցը: «Ընդ որում,- նշել է նա,- մենք երկկողմ համագործակցության շեշտադրում ենք կատարում էներգետիկայի ոլորտում»,- հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























