Իտալիայի առաջատար հետաքննող լրագրողներից մեկի տան մոտ պայթել է անհայտ պայթուցիկ սարք ՝ վնասելով երկու մեքենա եւ հարեւան տունը, հաղորդել է Reuters-ը։

Իտալիայի RAI-ի «Report» ամենշաբաթյա ծրագրի (Իտալիայում ամենահայտնի ծրագիրն է, որն իրականացնում է լրագրողական հետաքննություններ) հաղորդավար Սիգֆրիդո Ռանուչին տարիներ շարունակ գտնվում է ոստիկանության պաշտպանության տակ։ Նա հայտնել է, որ ինքը եւ իր խմբագրակազմը բազմաթիվ սպառնալիքներ են ստացել։

Լրագրողը ուրբաթ՝ հոկտեմբերի 17-ին հայտնել է, որ Հռոմից 30 կիլոմետր հարավ գտնվող Կամպո Ասկոլանո քաղաքում գտնվող Ռանուչիի տան մուտքի դարպասի մոտ տեղադրվել է պայթուցիկ սարք, որը, հավանաբար, պատրաստված է եղել պիրոտեխնիկական պայթուցիկ նյութերից։

Նա ավելացրել է, որ պայթյունը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ի երեկոյան իր տուն վերադառնալուց մոտ 20 րոպե անց։

Երկու մեքենաները՝ Ռանուչիի եւ նրա դստեր, գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են։ Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել։

Ներքին գործերի նախարար Մատեո Պյանտեդոզին հայտնել է, որ Ռանուչիի համար ոստիկանական ուղեկցությունը կավելացվի։

Վարչապետ Ջորջիա Մելոնին դատապարտել է «վախեցման լուրջ ակտը»։

«Տեղեկատվության ազատությունն ու անկախությունը մեր ժողովրդավարությունների հիմնական արժեքներն են, որոնք մենք շարունակելու ենք պաշտպանել»,- ընդգծել է նա։