Ձեռքբերում է, որ մեր բանակն այնպիսին է, ինչպես հիմա կա եւ չեմ վախենում ասել, որ սա լավագույն բանակն է տարածաշրջանում: Այս մասին, այսօր` հունվարի 28-ին, «Եռաբլուր» կատարած այցելության ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Անդրադառնալով ՀՀ զինված ուժերի առջեւ կանգնած խնդիրներին, նա նշեց բանակի նյութատեխնիկական բազայի մոդեռնիզացման, ինչպես նաեւ զինվորների ու սպաների պրոֆեսիոնալիզմը էլ ավելի բարձրացնելու անհրաժեշտությունը: «Սա մշտական գործընթաց է եւ որքան զարգանում է պետությունը, նույնքան էլ զարգանում է բանակը»,-ասաց ոստիկանապետը:

Գասպարյանը նաեւ շնորհավորեց հայ ժողովրդին ՀՀ Զինված ուժերի 20-ամյակի կապակցությամբ, բոլորին կոչ անելով անել ամեն ինչ, որպեսզի էլ ավելի ամրապնդվի մեր բանակը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  Նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային բանակի օրը` հունվարի 28-ի առավոտյան այցելել է Արցախի ազատամարտի հերոսների «Եռաբլուր» պանթեոն, ծաղկեպսակ դրել հուշակոթողին: Հարգանքի տուրք մատուցելու համար պանթեոնում էին նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու բարձրաստիճան սպայակազմը: