Հայ ժողովրդի շնորհիվ է, որ մենք կարողացել ենք 20 տարիների ընթացքում այսքան արագ ունենալ կայացած բանակ, որի գլխավոր խնդիրը ՀՀ եւ ԼՂՀ-ի ժողովրդի սահմանների անվտանգությունը պաշտպանելն է եւ այն իրականացվում է բարձր մակարդակով: Այս մասին այսօր` հունվարի 28-ին, «Եռաբլուր» կատարած այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով` բանակն իր կազմավորման ընթացքում բազմաթիվ առանձնահատկություններ է ունեցել, բայց դրանցից ամենակարեւորը այն է, որ բանակը ստեղծվել է պատերազմական իրավիճակում, երկրաշարժի հետեւանքների վերացման, շրջափակման պայմաններում:
«Առանձնահատուկ է բանակի վերջին փուլը, երբ մենք բարեփոխումներ ենք իրականացնում, որի ժամանակ մեր բանակը կարողացել է եւ մեր ժողովրդին ներկայանալ, եւ միջազգային հանրությանը` որպես անընդհատ բարեփոխվող եւ զարգացման փուլն ընտրած բանակ»,- ասաց ՊՆ ղեկավարը` շնորհավորելով բանակի ողջ անձնակազմին, սփոփանքի եւ հպարտության խոսք ուղղելով բոլոր զոհված ազատամարտիկների հարազատներին: Սեյրան Օհանյանը շեշտեց, որ այս տոնակատարությունների շրջանում պարտավորություն են ստանձնել, որ այսուհետ ավելի բարեխիղճ, ավելի պարտաճանաչ եւ պատսախանատու կերպով իրականացնել իրենց առջեւ դրված խնդիրները: Ամփոփելով` նա մաղթեց, որ մենք ունենանք խաղաղ, անվտանգ եւ զարգացած Հայաստան ու ԼՂՀ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային բանակի օրը` հունվարի 28-ի առավոտյան այցելել է Արցախի ազատամարտի հերոսների «Եռաբլուր» պանթեոն, ծաղկեպսակ դրել հուշակոթողին: Հարգանքի տուրք մատուցելու համար պանթեոնում էին նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու բարձրաստիճան սպայակազմը:




























