Ադրբեջանցի զինվորի` իր բանակը լքելու պատճառը միջանձնային հարաբերություններն են: Այս մասին, այսօր` հունվարի 28-ին, «Եռաբլուր» կատարած այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` հավելելով, որ պետք է ամբողջությամբ գնահատեն իրավիճակը, որից հետո համապատասխան եզրակացություններ կարվեն:

«Չեմ ուզում թերագնահատել այլ բանակների կարողությունները: Մենք գիտենք մեր առավելությունները, գիտենք նաեւ հակառակորդի բանակում տիրող իրավիճակը»,-ասաց  Սեյրան Օհանյանը` շեշտելով, որ «այդ ամենը մեզ չի մտահոգում եւ կարեւորն այն է, որ սահմանն անցնելիս հայ զինվորները նկատել են նրան եւ ուղեկցել»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 23-ին, ժամը 15:25-ին, մարտական հերթապահության մեջ գտնվող ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների կողմից շփման գծի հյուսիս-արեւելյան հատվածում ղարաբաղյան կողմն անցնելու պահին Ադրբեջանի քաղաքացի է կալանվել: Այս առնչությամբ հայտարարություն է տարածել ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը: «Կալանավորվածն Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողի համազգեստով էր, առանց տարբերիչ նշանների: Նա իր մոտ ուներ զինվորական գրքույկ` 1990թ. ծնված Ադրբեջանի Լենքորանի շրջանի բնակիչ, կրտսեր սերժանտ Ախունդզադե Մամեդբագրըու Թալիբ-օղլուի անունով: ԼՂՀ իրավասու մարմինները պարզում են միջադեպի հանգամանքները: ԼՂՀ իշխանությունները տեղի ունեցած միջադեպի մասին իրազեկել են Ստեփանակերտում հավատարմագրված Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) եւ ԵԱՀԿ գրասենյակներին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային բանակի օրը` հունվարի 28-ի առավոտյան այցելել է Արցախի ազատամարտի հերոսների «Եռաբլուր» պանթեոն, ծաղկեպսակ դրել հուշակոթողին: Հարգանքի տուրք մատուցելու համար պանթեոնում էին նաեւ Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու բարձրաստիճան սպայակազմը: