ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան ենթադրում է, որ Պակիստանի իշխանություններն իմացել են Ուսամա բեն Լադենի գտնվելու վայրը: Ամերիկյան հետախուզության տվյալներով` պակիստանյան ռազմական ուղղաթիռները բազմիցս թռել են «թիվ մեկ» ահաբեկչի ապաստանած տան վրայով:

«Ես միշտ ենթադրել եմ, որ ինչ-որ մեկը հաստատ պետք է, որ իմանար, թե ինչ էր կատարվում այդ տան պատերի ներսում: Մի մոռացեք, տան պատերի բարձրությունը հինգուկես մետր էր», - ասել է Պանետան` ելույթ ունենալով CBS հեռուստատեսության «60 րոպե» հաղորդման ժամանակ: Պենտագոնի ղեկավարը հայտնել է, որ ծանրակշիռ  ապացույցներ ինքը չունի:

Ըստ նրա` ելնելով հենց այն մտավախությունից, որ Պակիստանի ղեկավարությանը հայտնի է բեն Լադենի գտնվելու վայրը, ամերիկյան հատուկ ծառայությունները չեն տեղեկացրել Իսլամաբադին «Ալ Կաիդայի» ղեկավարին վերացնելու գործողությունների մասին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը;

Հիշեցնենք, որ «Ալ Կաիդայի» առաջնորդ բեն Լադենին սպանել են ամերիկյան հատուկ նշանակության  ուժերի զինվորները պակիստանյան Աբոթաբադ քաղաքում, 2011 թվականի մայիսի 2-ին` իր տանը, գիշերային  հարձակման ժամանակ: